Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/5/2026
share

ՔՀԿ-ները դատապարտում են քարոզարշավում հոգեկան առողջության թեմայի շահարկումը. տարածվել է հայտարարություն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն ու մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դատապարտել են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում հոգեկան առողջության թեմայի շահարկումը: Իրավապաշտպանները նշում են, որ քաղաքական հակառակորդներին նսեմացնելու համար օգտագործվող վիրավորական ձևակերպումները խորացնում են հանրային խարանն ու խտրականությունը, ուստի թեկնածուներից պահանջում են հարգել մարդու արժանապատվությունն ու բացառել նման խոսույթը։ Մասնավորապես նշել են․ 

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների հետ խստորեն դատապարտում է Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հոգեկան առողջության շահարկումը։

 Վերջին օրերին թե՛ սոցիալական հարթակներում և թե՛ ընտրողների հետ հանդիպումներին առավել հաճախ են հոգեկան առողջության հետ կապված վիրավորական ձևակերպումները, որոնք օգտագործվում են քաղաքական հակառակորդներին արժեզրկելու և նսեմացնելու համար։

 Նման խոսույթն ամբողջությամբ հակասում է ժողովրդավարական և իրավական պետության արժեքներին։

 Ավելին, հոգեկան առողջության շահարկումն անթույլատրելի է, քանի որ վերարտադրում է խարանը, խտրական վերաբերմունքը, նպաստում վախի և մեկուսացման մթնոլորտի խորացմանը։

 Հիշեցնում ենք, որ հոգեկան առողջությունը հանրային առողջության կարևոր բաղադրիչ է և պաշտպանված է մարդու հիմնարար իրավունքներով։ Քաղաքական գործիչները, նրանց աջակիցներն ու համակիրները չպետք է թույլ տան մարդու իրավունքների խախտումների հանգեցնող խոսույթ։ Վերջիններս պոզիտիվ պարտավորություն ունեն իրենց խոսքում և գործողություններում բացառելու խտրականության ու խարանի վերարտադրումը։

 Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր քաղաքական ուժերից և թեկնածուներից պահանջում ենք՝ զերծ մնալ հոգեկան առողջությունը քաղաքական պայքարում շահարկելուց և հանրային բանավեճում պահպանել մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը

facebook sharing button facebook