
Գլխավոր դատախազն այսօր՝ մայիսի 22-ին, միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հղում անելով Գլխավոր դատախազությանը։
Քանի որ Թևանյանը հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում առաջադրված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով, նախընտրական շրջանում օժտված է անձեռնմխելիությամբ։
Այսօր առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել Երևանում գործող «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում։ Գործողությունները կատարվել են պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Խուզարկությանը ներկա է եղել նաև Անդրանիկ Թևանյանը։
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն (ով 2021-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Հայաստան» դաշինքի ցուցակում) 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Քննությունը պնդում է, որ նա համագործակցել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ, որը հանդիսանում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ, և խոշոր գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Խոսքը վերաբերում է 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում անցկացված փակ նիստին, որի ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրները։
Հատկանշական է, որ այդ նիստի հաջորդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Միրզոյանը հայտարարել էր, որ օգտվելով նիստի փակ լինելու հանգամանքից՝ փորձել է ռացիոնալ երկխոսություն ծավալել ընդդիմության հետ, քանի որ վստահ է եղել՝ իր ասածները հասանելի կլինեն միայն ներհայաստանյան քաղաքական դաշտին և «չեն հասնի այլ մայրաքաղաքներ»։

