
Ջերմուկի մարտական դիրքերից մեկը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ տեսանյութի փաստով Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել սուտ մատնության և այն կազմակերպելու հատկանիշներով։ Պաշտպանության նախարարությունը դեռևս մայիսի 21-ին պաշտոնապես հերքել էր այդ տեղեկությունը։
Իրավապահները պարզել են տեսանյութում հանդես եկող և դեմքը փակած այն անձի ինքնությունը, ով N մարտական դիրքում հերթապահություն է իրականացրել։ Հարցաքննության ժամանակ վերջինս հերքել է դիրք հանձնելու լուրը և պարզաբանել, որ տեսանյութը ձայնագրվել է իր՝ ոչ սթափ վիճակում գտնվելու ժամանակ։
Ըստ զինծառայողի ցուցմունքի՝ ինքը մասնակցել է Նարեկ Կարապետյանի կազմակերպած հավաքին, որտեղ հանդիպել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին։ Վերջինս, իմանալով իր սոցիալական խնդիրների մասին, անմիջապես կազմակերպել է հարցազրույցը լրագրողի հետ, որի ընթացքում էլ հնչել են իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները։
Կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը մայիսի 21-ին ֆեյսբուքում կից գրառմամբ հոլովակ է տեղադրել՝ «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում», որտեղ վերջինս և մեկ անձ խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին:
Պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ալեքսանյանի և այդ անձի կողմից հայտնած տեղեկությունները:
Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:

