Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/5/2026
share

«Բարոյական վնասն այդպես էլ մնաց չփոխհատուցված». Թեհմինե Ենոքյանը՝ ԶՊՄԿ-ի հետ 3 տարվա դատական վեճի մասին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) փոխհատուցել է «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ, էկոակտիվիստ Թեհմինե Ենոքյանի փաստաբանական ծախսերը։ Այն բանից հետո, երբ դատարանն ամբողջությամբ մերժել էր  ընդդեմ ակտիվիստի ներկայացրած 6 միլիոն դրամի չափով զրպարտության հայցը։

Թեև դատական ծախսերի հատուցմամբ պատմությունն իրավականորեն ավարտված է, ակտիվիստները բարձրաձայնում են համակարգային խնդրի՝ Հայաստանում SLAPP հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցեր, կիրառող ընկերությունների պատասխանատվության և քաղաքացիների կրած բարոյական վնասի փոխհատուցման օրենսդրական բացերի մասին։

Դատական քաշքշուկի հիմքում Թեհմինե Ենոքյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի ֆեյսբուքյան գրառումն էր։ Այն արվել էր  սոցցանցերում տարածված այն տեղեկությունների հիման վրա, որ Ողջի գետը կրկին աղտոտվել է կոմբինատի պոչատարի վթարի հետևանքով։ Ակտիվիստը գրել էր․ «Երեկ կրկին վթարվել է ԶՊՄԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի»։

2023 թվականի հունվարին ԶՊՄԿ-ն դիմել էր դատարան՝ պահանջելով հերքում և 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Ընկերությունը պնդում էր, թե տեղեկատվությունն արատավորում է իրենց գործարար համբավը։ 3 տարի տևած դատաքննությունից հետո՝ 2026 թվականի փետրվարի 23-ին, Երևանի առաջին ատյանի դատարանը մերժեց հանքարդյունաբերողի հայցը՝ արձանագրելով, որ գրառումը վերաբերում է հանրային գերակա շահին (բնապահպանությանը) և պաշտպանված է արտահայտվելու ազատության իրավունքով։ Վճիռը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել։

Այսօր Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նշելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ընդհանուր առմամբ ինձ փոխհատուցեց փաստաբանի ծախս 250 000 ֏, սակայն ինձ պատճառված բարոյական վնասը այդպես էլ մնաց չփոխհատուցված, քանի որ չկա օրենքի կարգավորում:
Հիշեցնեմ, ես գրառում էի արել Ողջի գետի աղտոտման վերաբերյալ 2023 թվականին»․ Թեհմինե Ենոքյան 

facebook sharing button facebook