Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/5/2026
share

Աշխարհը 2025 թվականին ավելի շատ ածխային էլեկտրակայաններ է կառուցել, բայց ավելի քիչ է օգտագործել դրանք. AFP

Global Energy Monitor-ի նոր վերլուծության համաձայն՝ 2025 թվականին աշխարհում ածխի ընդհանուր հզորությունն աճել է, թեև ածխով աշխատող էլեկտրակայանների արտադրությունը փոքր-ինչ նվազել է:

Հինգշաբթի օրը հրապարակված վերլուծությունը ցույց է տվել, որ 2025 թվականին աշխարհը կառուցել և շահագործման է հանձնել ավելի շատ ածխային էլեկտրակայաններ, սակայն ավելի քիչ է օգտագործել այդ աղտոտող վառելիքը, ընդ որում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները միակ խոշոր տնտեսությունն է, որը զգալիորեն ավելացրել է արտադրությունը:

Ածուխը մոլորակը տաքացնող ջերմոցային գազերի արտանետումների հիմնական պատճառներից է, և դրանից հրաժարվելը վճռորոշ նշանակություն ունի կլիմայի փոփոխությունը զսպելու համար: Վերականգնվող էներգիայի աճող մատչելիությունն ու առատությունը նշանակում են, որ արևային և քամու էներգիան այժմ կարող են ծածկել էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը աշխարհի մեծ մասում:

Ըստ Global Energy Monitor (GEM) կազմակերպության նոր զեկույցի, որն ավելի քան մեկ տասնամյակ հետևում է ածխային էներգետիկային, դա օգնել է 2025 թվականին աշխարհում ածխի արտադրությունը նվազեցնել 0,6 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ: Բայց չնայած արտադրության անկմանը, ածխային էներգիայի հզորությունը (գործարկված կամ շահագործման հանձնված կայանները) անցյալ տարի թռիչք է ապրել՝ աճելով 3,5 տոկոսով: GEM-ի փոխանցմամբ՝ դրա ճնշող մեծամասնությունը՝ 95 տոկոսը, բաժին է ընկել Չինաստանին և Հնդկաստանին:

Չինաստանի ածխային հզորությունն անցյալ տարի աճել է վեց տոկոսով, սակայն ածխով աշխատող էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1,2 տոկոսով՝ մասամբ վերականգնվող էներգիայի հզորությունների կտրուկ աճի պատճառով: Նույնը տեղի է ունեցել նաև Հնդկաստանում, որտեղ հզորությունն աճել է գրեթե չորս տոկոսով, թեև արտադրությունը նվազել է մոտ երեք տոկոսով: Երկու երկրներում էլ «ածխի զարգացման գործում առաջատար նահանգներից ու գավառներից շատերը ածուխ արդյունահանող խոշոր տարածաշրջաններ են», - ասել է GEM-ի Global Coal Plant Tracker-ի նախագծի ղեկավար և զեկույցի հեղինակ Քրիստին Շիրերը: Նրանք ունեն «ուժեղ արդյունաբերական խթաններ՝ շարունակելու ածխային կայանների կառուցումը», - հայտնել է նա AFP-ին:

ԱՄՆ-ն ակտիվորեն ավելացնում է ածխի օգտագործումը

Չինաստանն աշխարհում առաջինն է արտանետումների ծավալով, մինչդեռ Հնդկաստանը զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Պեկինը ածուխը դիտարկում է որպես հուսալի ապահովագրություն վերականգնվող էներգիայի փոփոխական մատակարարումների համար, հատկապես մի քանի տարի առաջ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի պակասուրդից հետո: Հնդկաստանը՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը, մեծապես հենվում է ածխի վրա՝ էլեկտրաէներգիայի կտրուկ աճող պահանջարկը բավարարելու համար:

Սակայն ածխի կայունությունը նաև ենթակառուցվածքային խնդիրների արդյունք է: Ոչ հանածո վառելիքն արդեն կազմում է Հնդկաստանի տեղադրված հզորությունների 50 տոկոսը, սակայն ենթակառուցվածքային և այլ խնդիրների պատճառով երկիրն իր էլեկտրաէներգիայի մոտ երեք քառորդը դեռևս արտադրում է ածխից:

Ամբողջ աշխարհում ածխային էներգիայի փակման (շահագործումից հանման) գործընթացը նույնպես դանդաղել է անցյալ տարի. այն ագրեգատների գրեթե 70 տոկոսը, որոնք պետք է դադարեցնեին աշխատանքը, փոխարենը մնացել են ցանցում, հայտնել է GEM-ը: Եվրոպայում այդ չկատարված թիրախները հիմնականում կապված էին 2022-23 թվականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ ընդունված որոշումների հետ, որոնք առաջացել էին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով:

Այնուամենայնիվ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում փակման ձգձգումները պայմանավորված էին կառավարության կողմից ածխի օգտագործման խրատախուսմամբ, ասել է Շիրերը: «ԱՄՆ-ում ածխով աշխատող արտադրությունն տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 80 ՏՎտ/ժ-ով (տերավատտ-ժամ)․ մի ցուցանիշ, որն այնքան մեծ է, որ ոչ մի այլ երկիր նույնիսկ չի մոտեցել դրան», - ասել է նա: Այս թռիչքը «պարզապես (պահանջարկի) աճի արդյունք չէր, այն արտացոլում էր քաղաքական միջավայրը, որն ակտիվորեն խրախուսում էր դա», - հավելել է նա:

Ածխի «հովանավորչությունը»

Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը ստիպել է որոշ երկրների նորից վերադառնալ ածխին՝ վերագործարկելով պարապուրդի մատնված ածխային կայանները կամ հետաձգելով դրանց փակումը: Չինաստանում ածխով աշխատող էլեկտրաէներգիայի արտադրությունը նույնպես կտրուկ աճել է տարվա առաջին կեսին՝ մասամբ քամու և միջուկային էներգիայի «թերակատարման» պատճառով:

«Սակայն ածխային էներգիայի ավելցուկային առաջարկը և հովանավորչությունը կարևոր գործոն են», - հավելել է Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի համահիմնադիր և զեկույցի հեղինակներից Լաուրի Միլյուվիրտան: Թեև մայիսի տվյալները հուշում են, որ Չինաստանի ածխի արտադրությունը կարող է նորից նվազած լինել, «ածխի ավելցուկային հզորությունների և էներգացանցում ածխի արմատացած հովանավորչության խնդիրը պահպանվում է», - ասել է նա AFP-ին:

Գլոբալ առումով, այս տարի մինչ այժմ ածխով աշխատող արտադրությունն աճել է 0,3 տոկոսով, ասել է Շիրերը, մինչդեռ քամու և արևային էներգիայի արտադրությունը թռիչք է կատարել՝ աճելով 10 տոկոսով: «Մաքուր էներգիան կլանում է աշխարհի էլեկտրաէներգիայի նոր պահանջարկի մեծ մասը, մինչդեռ ածխի աճը հազիվ է նկատվում», - եզրափակել է նա․ AFP

facebook sharing button facebook