Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/5/2026
share

Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ը շուտով վերադարձվելու է պետությանը․ Փաշինյան

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Շնող բնակավայրում քարոզարշավի ժամանակ։

Վարչապետը հայտնել է, որ կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել Գլխավոր դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման։ 

««Շատ շուտով ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ «Արարատցեմենտ» գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև էդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիայի մախինացիան բացահայտվել է և Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման և առաջիկայում շատ արագ, մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ «Արարատցեմենտ»-ում  ենք նշանակելու կառավարիչ»,- ասել է Փաշինյանը։

Նա «Արարատցեմենտ»-ի բոլոր աշխատակիցներին շնորհավորել է  «ազատագրման» առիթով և հայընել, որ նրանց գործատուն այսուհետ Հայաստանի Հանրապետությունն է։ 

1927-ին հիմնադրված և մինչև 2002-ը որպես պետական ձեռնարկություն գործած «Արարատցեմենտ» գործարանը սեփականաշնորհվել է 2002-ին՝ 200 հազար դոլարով անցնելով Բելգիայում գրանցված «Ռոբերտո» ընկերությանը։ Գործարքից մի քանի ամիս անց՝ 2003-ին, գործարանի սեփականատեր է դարձել Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, իսկ 2006-ին ձեռնարկության բաժնետոմսերի 75 տոկոսը պաշտոնապես ձևակերպվել է անձամբ գործարարի անունով։

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 2021-ին պետությանն է վերադարձվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի մի մասը։

2025-ին էլ պետականացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։

facebook sharing button facebook