
«Հետք»-ի ձեռքի տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի և «Վալլեքս» խմբի բաժնետեր Վալերի Մեջլումյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ մեղադրանքի՝ Նալբանդյանը, Մեջլումյանի դրդմամբ, չարաշահել է պաշտոնական լիազորությունները և տրամադրել կեղծ գրություն, որի հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները գրանցվել են գործարարին պատկանող ընկերության անվամբ՝ Ալավերդի համայնքին պատճառելով 11 մլն 56 հազար դրամի վնաս։
Արթուր Նալբանդյանը, զբաղեցնելով Ալավերդու քաղաքապետի պաշտոնը 2005-2011 թվականներին, օրենքով պարտավոր էր վերահսկել համայնքի հողերի նպատակային ու օրինական օգտագործումը։ Սակայն, ըստ նախաքննական մարմնի, 2006 թվականի ապրիլի 27-ին նա պաշտոնական գրություն է տրամադրել, որում նշել է, թե Ալավերդի համայնքում գտնվող Թբիլիսյան խճուղու մարզադաշտի զբաղեցրած 1.2 հեկտար և Մարքսի փողոցի Սանահին-Սարահարթ ճոպանուղու զբաղեցրած 0.078 հեկտար հողամասերը ներառված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում։ Խոսքը այն հողերի մասին է, որոնք ենթակա չեն սեփականաշնորհման քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից։ Այս գրության հետևանքով հիշյալ տարածքները դուրս են բերվել Ալավերդի համայնքի հողային ֆոնդից, ինչով իրավական պայմաններ են ստեղծվել դրանց նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ու հետագա օտարման համար։
Մեղադրանքի համաձայն՝ «Վալլեքս» խմբի բաժնետեր, իրական շահառու և «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերության հիմնադիր Վալերի Մեջլումյանն ուղղակի շահագրգռվածություն է ունեցել մարզադաշտի և ճոպանուղու տարածքների սեփականության իրավունքի ձեռքբերման հարցում։ Նպատակ ունենալով նշված հողամասերի նկատմամբ ունեցած վարձակալության իրավունքը որոշակի պայմաններով փոխարինել սեփականության իրավունքով՝ Մեջլումյանը, օգտագործելով իր անձնական կապերն ու ազդեցությունը տարածաշրջանում, դրդել է քաղաքապետ Արթուր Նալբանդյանին տրամադրել հիշյալ կեղծ բովանդակությամբ գրությունը։ Արդյունքում՝ հողերի նկատմամբ գրանցվել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականության իրավունքը։
Գործը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել երեկ՝ 2026 թվականի ապրիլի 18-ին, և մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին։ Այն վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։

