Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/5/2026
share

Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել է լրագրողի աշխատանքի կոպիտ խոչընդոտման և վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման միջադեպ․ Ականատես

Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել է լրագրողի աշխատանքի կոպիտ խոչընդոտման և վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման միջադեպ։

Մասնավորապես, երբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանից առ այն, թե ինչու է վերջինս աշխատանքային ժամին ներկա գտնվում իշխող ուժի քարոզարշավին, համայնքապետի տեղակալը հունից դուրս է եկել, հարվածել է տեսախցիկին և հայտարարել․ «Աշխատանքի եմ, բա Հանրապետության վարչապետն է եկել»։Ըստ հրապարակված տեղեկությունների՝ աշխատանքային ժամին ընթացող քարոզչական միջոցառմանը ներկա է գտնվել նաև Սպիտակի համայնքապետը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության կամ նրանց աշխատանքի խոչընդոտման ցանկացած դրսևորում, ինչպես նաև հիշեցնում, որ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց կողմից աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչությանը մասնակցելն օրենքի խախտում է։

Տեղեկացնում ենք, որ միջադեպի առնչությամբ «Ականատեսը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված (լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը) հանցագործության հատկանիշներով։

facebook sharing button facebook