
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ Արաբկիրում վեճի բռնված կնոջը` Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին առաջարկել են սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հղում անելով բժշկուհու դստերը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանին։
«Մայրս դիմում չի գրել, այս պահին աշխատանքից հեռացված չէ։ Երբ կլինի իրավական ակտ դեպքի վերաբերյալ, արդեն մեկնաբանություններ կարող եմ տալ»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է փաստաբանը։
Աշխատանքից ազատվելու առաջարկը հաջորդել է այսօր Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ Արփինե Սողոյանը մոտեցել է նրան, ինչից հետո նրանց միջև սուր բանավեճ է սկսվել։ Բժշկուհին վարչապետին մեղադրել է «հայրենիքը գողանալու» և «մի ամբողջ սերունդ ոչնչացնելու» մեջ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Փաշինյանին քննադատած կինը 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ, բժիշկ Հրանտ Պապիկյանի հարազատ քույրն է։

