
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) ահազանգում է DDoS (ծառայությունների խափանման զանգվածային հարձակումներ) տեսակի կիբեռհարձակումների ակտիվացման մասին։ Գործակալությունը նախազգուշացնում է, որ ընտրական գործընթացների նախաշեմին կտրուկ մեծանում է զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների կայքերի թիրախավորման ռիսկը, և կոչ է անում շտապ ձեռնարկել կիբեռպաշտպանական միջոցներ։ Մանավորապես հայտնում են․
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) դիտարկումները ցույց են տալիս DDoS (Distributed Denial-of-Service / ծառայությունների խափանման զանգվածային հարձակումներ) տեսակի կիբեռհարձակումների ակտիվացում։ DDoS հարձակումների նպատակն է մեծ քանակի կեղծ հարցումներով ծանրաբեռնել կայքերը և խաթարել դրանց բնականոն աշխատանքը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման հարձակումների ռիսկերը սովորաբար աճում են կարևոր հանրային և քաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ ընտրական գործընթացների նախաշեմին և ընթացքում։ Այդպիսի իրավիճակներում զանգվածային լրատվության միջոցները և ընտրական գործընթացներում ներգրավված հասարակական կազմակերպությունները հաճախ հայտնվում են թիրախավորման բարձր ռիսկի ներքո։
Վերոգրյալի կապակցությամբ խորհուրդ է տրվում նախապես ձեռնարկել անհրաժեշտ կիբեռպաշտպանական միջոցառումներ՝ կայքերի և առցանց ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։ Մասնավորապես՝ օգտագործել կիբեռպաշտպանական գործիքներ, ինչպիսին է, օրինակ՝ Cloudflare Project Galileo ծրագիրը, որը տրամադրում է անվճար կիբեռպաշտպանական գործիքներ, այդպիսով բարձրացնում կայքի կիբեռանվտանգության մակարդակն ու դիմակայունությունն ընդդեմ հարձակումների»։

