
Մայիսի 16-ին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) տեղի է ունեցել ողբերգական միջադեպ․ այնտեղ տեղափոխված քաղաքացի Ա․Հ․-ն ինքնասպան է եղել։ «Անկախ դիտորդ» դաշինքը խիստ մտահոգություն է հայտնել կատարվածի կապակցությամբ՝ հայտարարելով, որ պետության անմիջական հսկողության տակ գտնվող անձի մահվանը հանգեցրել են իրավապահ մարմինների անհամաչափ, անհիմն և ոչ իրավաչափ գործողությունները։ Իրավապաշտպանները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել մեղավոր պաշտոնյաներին։ Մանավորապես գրում են․
«Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգված է 2026թ․ մայիսի 16-ին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարանում) քաղաքացի Ա․Հ․-ի ինքնասպանության դեպքով։ Ըստ լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության Ա․Հ․-ն ՀՀ Քննչական կոմիտե է տարվել նախընտրական պաստառ պոկելու համար, որը ՀՀ Քննչական կոմիտեի կողմից որակվել է որպես՝ քարոզչության խոչընդոտում, այն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք։ Մինչդեռ նախընտրական պաստառը վնասելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․11 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված առավելագույն պատիժը 100 000 դրամ տուգանքն է։ Ընդ որում այս տուգանքը նախատեսվում է այն դեպքում, երբ քարոզչական պաստառը փակցված է դրա համար առանձնացված տարածքում։
Այսպիսով առնվազն հրապարակային տեղեկություններից պարզ է դառնում, որ անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և ներկայացվող մեղադրանքը եղել է միանգամայն անհիմն և ոչ իրավաչափ։ Ըստ հրապարակումների, ձերբակալված անձանց պահման վայրում Ա․Հ․-ի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ և նա կանչով եկած շտապօգնության բժշկի ցուցումով տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ժամեր անց Ա․Հ․-ն ինքնասպան է եղել։
Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգիչ է համարում իրավապահ մարմինների անհամաչափ և ոչ իրավաչափ գործողությունները, որոնք հանգեցրել են պետության անմիջական հսկողության տակ գտնված անձի մահվանը և պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից իրականացնել անհապաղ, արդյունավետ ու ամբողջական քննություն, մահվանը հասցրած բոլոր հանգամանքները բացահայտելու, իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու քաղաքացու մահվան մեջ մեղավոր պաշտոնատար անձանց»․ Անկախ դիտորդ

