Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/5/2026
share

Առողջապահությունը՝ նախընտրական ծրագրերում

Մայիսի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Առողջապահությունը՝ նախընտրական ծրագրերում» թեմայով։
Բանախոսներն էին «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Սառա Ղազարյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նախընտրական ծրագրերում առողջապահության ոլորտին վերաբերող խոստումներին՝ դեղորայքի գների նվազեցմանը, առողջապահական ապահովագրության ընդլայնմանը, պետական պատվերի բարելավմանը, բուժծառայությունների որակի բարձրացմանն ու բուժհաստատությունների արդիականացմանը։
Վիոլետա Զոփունյանը նշեց, որ առողջապահությունը համակարգային ոլորտ է և չի կարող դիտարկվել առանձին մյուս հանրային ոլորտներից։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի ծրագրերում հաճախ բացակայում են հստակ հաշվարկներն ու մեխանիզմները, թե ինչպես պետք է իրականացվեն ներկայացվող խոստումները։ Նա ընդգծեց կարիքների գնահատման, ոլորտային ուսումնասիրությունների և վերահսկողության մեխանիզմների կարևորությունը՝ հատկապես առողջապահական ապահովագրության և դեղորայքային քաղաքականության համատեքստում։
Սառա Ղազարյանը շեշտեց, որ հոգեկան առողջությունը շարունակում է մնալ քաղաքական ուժերի ուշադրությունից դուրս։ Նրա խոսքով՝ հատկապես մարզերում հոգեկան առողջության ծառայությունները սահմանափակ են, առկա է մասնագետների պակաս, իսկ խարանող խոսույթը շարունակում է խոչընդոտել ծառայություններից օգտվելուն։ Նա կարևորեց համայնքային ծառայությունների զարգացումը, իրավական դաշտի բարեփոխումը և տարբեր խոցելի խմբերի կարիքների հասցեական գնահատումը։
Քննարկման մասնակիցները նաև անդրադարձան բուժանձնակազմի ծանրաբեռնվածությանը, մարզերում բուժաշխատողների պակասին, բուժծառայությունների որակի վերահսկողությանը և առողջապահական
բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներին։
Բանախոսների կարծիքով՝ առողջապահության ոլորտում արդյունավետ փոփոխությունների համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական խոստումներ ներկայացնել, այլ նաև ապահովել դրանց իրականացման հստակ ճանապարհային քարտեզ, ֆինանսավորման աղբյուրներ և ոլորտի մասնագետների ու քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածություն։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

facebook sharing button facebook