Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/5/2026
share

Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարել «Նուբարաշեն»-ում արձանագրված ինքնասպանության դեպքը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքը։

Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել դեպքի առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում ենպետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։

Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը։

Նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն։

Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում կիրառված հսկողության միջոցների, բժշկական արձագանքի, ինչպես նաև ինքնասպանության ռիսկերի գնահատման և կանխարգելման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։

Պաշտպանը վերահաստատում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է առավել զգայուն, մասնագիտական և շարունակական մոտեցում, իսկ նման ողբերգական դեպքերի կանխարգելումը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը»

facebook sharing button facebook