
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Փաստերի ստուգման հարթակի» (Fip.am) հետաքննությունը, որը հիմնված է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն իշխանական օղակներից արտահոսած գաղտնի փաստաթղթերի փաթեթի վրա։ Ըստ ամենայնի՝ հաքերային հարձակման միջոցով ձեռք բերված նյութերը մանրամասնում են Հայաստանում և եվրոպական մի շարք երկրներում ռուսական շրջանակների իրականացրած համակարգված քաղաքական և տեղեկատվական ազդեցության գործողություններ, նա մասնավորապես գրել է՝
«Սա տեղեկատվական բոմբ է, Կիրիենկոն երբեք այդքան «մերկ» չի եղել
«Փաստերի ստուգման հարթակի» ձեռքի տակ է հայտնվել փաստաթղթերի փաթեթ, որը վկայում է Հայաստանում ու մի շարք այլ երկրներում ռուսական շրջանակների իրականացրած քաղաքական և տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին․․․ ենթադրում ենք, որ հաքերային հարձակմամբ գողացված նյութեր են։
Խոսքը Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե-ֆակտո ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» փաստաթղթերի, նամակագրությունների, էկրանապատկերների, զեկույցների և պլանների մասին է։
Փաստաթղթերում առկա են գործակալության կողմից Հայաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Մոլդովայում, Նորվեգիայում և այլ երկրներում արդեն իսկ իրականացված և նախատեսվող տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ և արդյունքների ամփոփումներ։
Գործիքակազմի շարքում են doppelgänger կայքերի ստեղծումը, կեղծ լուրերի տարածումը, հողի վրա ակցիաների, սաբոտաժային ու այլ գործողությունների կազմակերպումը, ցանկալի կարծիք տարածող փորձագետների ու կարծիքի առաջատարների ներգրավումը և այլն։
Եվրոպական երկրներում, հիմնականում, գործողություններն արվել են Ուկրաինայի, միգրանտների ու, երբեմն, Հայաստանի դեմ զայրույթ գեներացնելու ուղղությամբ, ծայրահեղ աջական ուժերի աջակցության ուղղությամբ և ռուսաստանյան մյուս նարատիվների ուղղությամբ։ Էական գործողություններ են արվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Սանդուի հեղինակազրկման ուղղությամբ։
Բազմաթիվ օպերացիաներ պլանավորվել և իրականացվել են կեղծ դրոշով (False flag)։ Օրինակ՝ Հայաստանի դեմ որոշ օպերացիաներ արվել են այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ այն Թուրքիայից է համակարգվել, իսկ Ֆրանսիայի դեմ օպերացիաները՝ Ուկրաինայի ու հայկական «Դաշնակցություն» կուսակցության կեղծ դրոշով։ Տարբեր վայրերում գործողություններում ներգրավվում են տարբեր անձինք՝ ԱՄՆ պաշտոնաթող գեներալ, Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր, ռումինացի օլիգարխ և այլն։
Նամակագրություններում շրջանառվում է նաև Սերգեյ Կիրիենկոյի անունը, ում հետ համաձայնեցնում են ֆինանսական հարցերը։ Դերակատարների նամակագրություններում հստակ երևում է, որ իրենք լուրջ միջոցներ են ձեռնարկում քողարկման և արտահոսքերի կանխման ուղղությամբ․․․ բայց դա, ինչպես տեսնում եք, իրենց չի փրկել»․ Դանիել Իոաննիսյան

