
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանումը նախընտրական շրջանում վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու իր մանդատի շրջանակներում, նախընտրական շրջանում շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները և դրանցից բխող աշխատանքները: Միաժամանակ, Հանձնաժողովը հարկ է համարում անդրադառնալ քաղաքական բանավեճի և նախընտրական շրջանում պաշտոնատար անձանց կարծիքի արտահայտման ազատության սահմաններին և Հանձնաժողովի կողմից կիրառվող չափանիշներին․
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ընտրություններին նախորդող շրջանում հատկապես կարևոր է, որ բոլոր տեսակի կարծիքներն ու տեղեկատվությունն ազատ շրջանառվեն, և անխոչընդոտ իրացվի թեկնածուների արտահայտման ազատության իրավունքը։
Հաշվի առնելով ՄԻԵԴ նախադեպային իրավունքը՝ Հանձնաժողովը որդեգրել է համապատասխան մոտեցումն առ այն, որ նախընտրական շրջանում ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամ հանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց խոսքը վարքագծի կանոնների տեսանկյունից կարող է ոչ իրավաչափ համարվել միայն բացառիկ դեպքերում՝ երբ այն հանգեցնում է հանրային իշխանության հեղինակազրկմանը, այն է՝
գռեհկաբանությունների, հայհոյախոսությունների կիրառման դեպքում,
բռնության կոչ, սպառնալիք կամ արդարացում պարունակող խոսքի դեպքում,
ատելության խոսքի դեպքում։
Միաժամանակ, նախընտրական շրջանում կարծիքի արտահայտման ազատության առավել լայն սահմանները պետք է կիրառելի լինեն ոչ թե ցանկացած խոսքի նկատմամբ, այլ միայն քարոզչական նպատակներով կամ քարոզչության շրջանակներում կատարված խոսքի նկատմամբ։
Հաշվի առնելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ակտիվ քարոզչական գործունեության մեկնարկը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների պարագայում վարքագծի կանոնների մեկնաբանման իմաստով «նախընտրական շրջանը» մեկնարկած է համարվում ՀՀ նախագահի՝ ընտրությունները նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։
Վերոգրյալ չափանիշները համահունչ են ՄԻԵԴ նախադեպային իրավունքին և նպատակ ունեն երաշխավորելու նախընտրական շրջանում տարատեսակ կարծիքների ազատ արտահայտումն ու շրջանառությունը, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձ չհանդիսացող քաղաքական գործիչների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ նախընտրական շրջանում հնարավորինս միատեսակ կանոնների կիրառելիությունը։
Այնուամենայնիվ, Հանձնաժողովն ընդգծում է, որ անգամ կարծիքի արտահայտման ազատության լայն սահմանների պարագայում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հնարավորինս ձգտեն նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորել բարեկիրթ և հարգալիր վարքագիծ՝ խուսափելով այլոց արժանապատվությունը ոտնահարող խոսքի գործածումից։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը կոչ է անում նախընտրական քարոզչություն իրականացնող՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դրսևորել հնարավոր զսպվածություն՝ խուսափելով հանրային իշխանությունը հեղինակազրկող վարքագծից։
Միաժամանակ, Հանձնաժողովը կոչ է անում լրատվամիջոցներին խուսափել Հանձնաժողովի կողմից քաղաքական բանավեճի ազատությունը երաշխավորելու նպատակով սահմանված վերոգրյալ չափանիշները շահարկելուց, դրանք միակողմանի կերպով լուսաբանելուց․ ԿԿՀ

