
Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի հատվածում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Իրանի
իսլամական հանրապետության 2 քաղաքացիներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Լուրը Ներքին գործերի նախարարությունն էր հրապարակել։
Սրան զուգահեռ, կայքերից մեկը թեմայի վերաբերյալ հրապարակում էր արել՝ «Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական
անձնագրով» վերնագրով, որն էլ արագորեն տարածվեց սոցիալական մեդիայում։ Ազգային-ապազգային ենթատեքստում ընդդիմադիր դաշտից հնչող խոսույթների ֆոնին ակնհայտ էր՝ ովքեր են շահագրգիռ նման մոլորեցնող վերնագրերով տեղեկություններ տարածելու հարցում։
Հրապարակումը տարածեցին բազմաթիվ օգտատերեր։ Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Կրիստինա Ասատրյանը կարճ գրառմամբ էր անդրադարձել տեղեկությանը՝ նկատելով «Ո՞նց կարելի ա էս աստիճանի չարաշահել էս ժողովրդի էմոցիոնալ ապրումները»։
Փոխարենը «Միասնության թևեր» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Եղիազարյանը, ով 2019-21 թվականներին ԱԺ պատգամավոր էր «Լուսավոր Հայաստան»-ից, լուրը տարածեց քաղաքական նպատակահարմարությամբ։
Իր ֆեյսբուքյան էջում վերջինս գրել էր․ «Այս իշխանության օրոք դպրոցներն արդեն սկսել են կառուցել ադրբեջանցիները։ Այսօր մամուլից տեղեկացա, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտու Շինուհայր գյուղում ավտովթարի են ենթարկվել ազգությամբ ադրբեջանցիներ՝ Իրանի անձնագրերով, որոնք աշխատել են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա։ Պատկերացնում եք, թե ինչ կարգի է Փաշինյանը ինտեգրում ադրբեջանցիներին Հայաստանում։ Սա դեռ սկիզբն է 300.000 ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագրում»։
Գրառումը Եղիազարյանը եզրափակել էր հետևյալ խոսույթով՝ «Դու կամ սատարում ես ապազգային այս իշխանությանը և Ալիևին, կամ ընտրում ես Հայաստանը և հայկականը»։
Ակնհայտ է, որ Եղիազարյանը, գրառման մեջ իրար հետ չառնչվող ու տարբեր ժամանակահատվածների վերաբերվող իրողությունները միավորելով, նպատակ է ունեցել ձևավորել խոսույթ, որն ուղղակիորեն կազդի լսարանի հուզական կողմի վրա՝ փոխարենը շահեկան կլինի իր՝ ընդդիմադիր թեկնածուի համար։
Ուշագրավ է, որ տարընթերցումից խուսափելու նպատակով ռազմավարական հաղորդակցության փորձագետ Կրիստինա Ասատրյանը մայիսի 12-ին հանգամանալից պարզաբանել էր նախորդ գրառումը՝ մասնավորապես գրելով այն մանիպուլյացիոն ազդեցություններից, որոնք «Սյունիք», «ադրբեջանցի» բանալի բառերով կարող են անմիջականորեն ազդել լսարանի վրա հատկապես ընդդիմադիրների կողմից տեղեկատվական դաշտ նետված Սյունիքը հանձնելու խոսույթի տրամաբանության մեջ։ Գրառմանը կից Կրիստինե Ասատրյանը նաև նկար էր հրապարակել՝ Իրանի բնակչության էթնիկ կազմի վերաբերյալ՝ նշելով (մեջբերում)՝ «Իրանում ապրող էթնիկական խմբերից 17.1 % ազերիներ են, ապրում են հիմնականում Իրանի հյուսիսում՝ Հայաստանի սահմանին մոտ։ Ի դեպ ամեն տարի այս մարդիկ նույնպես գալիս են Հայաստան Նովրուզ նշելու, ինչը հայտնի փաստ է ու նորություն չէ»,- մեջբերման ավարտը։
«Ու կարդացողն ի՞նչ է տեսնում. Սյունիք, ադրբեջանցի, մասնակցում ա շինարարությանը, սա համեմվում է էս պահին ակտիվ շրջանառվող «Սյունիքը հանձնում ա», «Արևմտյան Ադրբեջան» եզրույթների հետ, ու վերջ, գնա՜ց... ու էլ չի մտածում մարդը։ Հոդվածագիրներն ու մանիպուլիացիա անողները սա շատ լավ գիտեն»,- նշել էր, մասնավորապես, իր գրառման մեջ Ասատրյանը և նկատել ՝ «Ես հասկանում եմ, ընտրություններ են, դուք էլ ձեր գործն եք անում։ Բայց մի քիչ հարգեք էս հանրությանը»։
Մայիսի 13-ին թեման կրկին «թեժացրեց» «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներից մեկը։ Նա մոլորեցնող բովանդակությամբ տեսանյութ էր հրապարակել՝ «300․000 ադրբեջանցիներից մի քանիսն արդեն Հայաստանում են» գրառմամբ։ Տեսանյութում ձայնի շատ էմոցիոնալ տոնայնությամբ նա որպես ակնհայտ իրողություն էր ներկայացնում այն խոսույթը, թե իբր իշխանություններն իրագործում են ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը, մինչդեռ իրենց քաղաքական թիմը դրա փոխարեն նույնքան աշխատատեղեր է խոստանում։
Ազգային-ապազգային խոսույթների ենթատեքստում մայիսի 14-ին սոցիալական մեդիայում մի հրապարակում հայտնվեց՝ «Արմեն Խաչատրյանը հերքել է Գորիսի Սալ-քար թաղամասի վերաբերյալ ադրբեջանական ֆինանսավորման մասին պնդումները» վերնագրով։
Հակադարձելով Գորիսի համայնքապետի նախկին տեղակալ, ներկայում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Իրինա Յոլյանի հայտարարությանը, թե Գորիսի Սալ-քար թաղամասի բազմաբնակարան շենքերը կառուցվել են Ադրբեջանի միջոցներով և ադրբեջանցիների համար, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն արձագանքել էր՝ «Եթե մի պահ հավատանք այդ ստին, ապա պետք է ընդունենք, որ Ադրբեջանը ֆինանսավորել է Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի կառուցապատումներ։ Բայց նման փաստ պարզապես գոյություն չունի»։

Նրա գնահատմամբ՝ խնդրի ամենամտահոգիչ կողմը քաղաքական նպատակներով նման հայտարարությունների տարածումն է։
«Այս ամբողջ պատմության մեջ ամենավատը միայն սուտ տարածելը չէ։ Ամենավատն այն է, որ ընտրողներին մոլորեցնելու և ձայներ ստանալու համար դիմում են ամեն տեսակ անբարոյական միջոցների»,-ասել էր պատգամավորը՝ նկատելով, որ նման խոսույթներն ուղղակիորեն կարող են վնասել մեր պետության շահերին»։
Նախընտրական քարոզչության շրջանում, տեղեկատվական անկառավարելի կեղծ ու մոլորեցնող խոսույթների հոսքերի մեջ շատ կարևոր է վերլուծել ու հասկանալ լսածի ու տեսածի իսկությունը, պարզել աղբյուրները և փորձել չտրվել ավելորդ հույզերի, որովհետև դրանք հենց լսարանի հուզական աշխարհի վրա ազդելու, վախի, անորոշության ու անվստահության տրամադրություններ առաջացնելու նպատակով են տարածվում։

