Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/5/2026
share

Տնօրեններն ազատման դիմում են գրել․ վարչական ռեսուրսի կիրառումն անհետևանք չի մնա․ վարչապետ

«Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կմղեն գալ մեր կամ որևէ այլ հավաքի, դա չի կարող մնալ առանց հետևանքի»։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Երևանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կկանխարգելեն գալ մեր հավաքին, դա չի մնա առանց հետևանքի, դա միանշանակ է»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով նախօրեին Ապարանում աշխատանքային ժամին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին դպրոցի ուսուցիչների մասնակցությանը, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր հրամանով չորս դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց դեռևս դիմումները չեն մակագրվել։

«Այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև, որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք,  մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, և եթե պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը վստահեցրել է, որ ինքն ատում է վարչական ռեսուրսը, քանի որ դա իրեն հնարավորություն չի տալիս քաղաքացիների հետ անմիջական շփվել և զգալ նրանց էմոցիաները։

Նախօրեին Ականատես դիտորդական առաքելությունը  հրապարակել էր  վարչական ռեսուրսի չարաշահման ահազանք, դպրոցականների մասնակցությամբ։

facebook sharing button facebook