
Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 14-ի կեսօրին խուզարկություն է իրականացրել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում։ «Քաղաքացու Ձայն»-ի տեղեկություններով՝ կան բերման ենթարկվածներ, որոնց թվում է գրասենյակի համակարգողը:
«Քաղաքացու Ձայն»-ին չհաջողվեց Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ ճշտել, մասնավորապես՝ ինչ քրեական վարույթի շրջանակում է բերման ենթարկվել գրասենյակի աշխատակիցը։
Կառույցից այս պահին միայն խուզարկության փաստն են հաստատել:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն արդեն դատապարտել է տեղի ունեցածը, հայտարարելով, որ տեղի ունեցած «ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու իրենց կառույցների բնականոն աշխատանքը։
«Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը», - նշված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:
«Քաղաքացու Ձայն»-ի տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է նաև գրասենյակի համակարգողի բնակարանը։
Տեսանյութը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի

