
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Քաղաքացիական համերաշխության հարթակի» ևս 18 կազմակերպությունների հետ միասին, միացել է կարակալպակ ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովի նկատմամբ կայացված դատավճիռը դատապարտող հայտարարությանը։
Համատեղ հայտարարությամբ կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ուզբեկստանի դատարանի որոշումը, որով ոչ բռնի գործողությունների կողմնակից ակտիվիստի ազատազրկման ժամկետը 16 տարուց երկարաձգվել է մինչև 18,5 տարի՝ ուղեկցվելով դատավարական լուրջ խախտումներով և բանտում նրա նկատմամբ կիրառվող դաժան վերաբերմունքով։
Ստորագրյալ կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Կարակալպակստանում մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ և պահանջում են Ուզբեկստանի կառավարությունից անհապաղ ազատ արձակել Տաժիմուրատովին ու դադարեցնել բնակիչների նկատմամբ քրեական և վարչական հետապնդումները, ովքեր պահանջում են նրա ազատ արձակումը։
Հայտարարության հայերեն թարգմանությունը ստորև՝
«Քաղաքացիական համերաշխության հարթակ» (CSP) ներքոստորագրյալ անդամները խստորեն դատապարտում են Ուզբեկստանի դատարանի վերջին որոշումը՝ կարակալպակ ակտիվիստ Դաուլեթմուրատ Տաժիմուրատովի ազատազրկման ժամկետը 16-ից 18,5 տարի երկարաձգելու վերաբերյալ։ Մենք նաև խորապես մտահոգված ենք, որ ոչ բռնի պայքարի ակտիվիստ պարոն Տաժիմուրատովը կտեղափոխվի բանտ, որը նախատեսված է երկրի ամենավտանգավոր հանցագործների համար։
2026 թվականի մայիսի 1-ին Նավոիի դատարանը պարոն Տաժիմուրատովին մեղավոր է ճանաչել «ուղղիչ հիմնարկի աշխատանքը խաթարող գործողություններ» կատարելու մեջ։ Դատավարությունն ուղեկցվել է պատշաճ իրավական ընթացակարգերի բազմաթիվ խախտումներով, այդ թվում՝ պարոն Տաժիմուրատովին զրկել են սեփական փաստաբանին ընտրելու իրավունքից, իսկ նրա հարազատներին արգելել են ներկա գտնվել դատավարությանը մինչև վերջին օրը։ Լրացուցիչ մեղադրանքները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, քանի որ պարոն Տաժիմուրատովը բազմիցս հայտնել է բանտում իր նկատմամբ կիրառվող դաժան վերաբերմունքի և չարաշահումների մասին, ներառյալ՝ սննդից զրկելը, գրառումների առգրավումը, ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերի ընդհատումը և այլ կալանավորներին նրա վրա ֆիզիկական հարձակման դրդելը։
Պարոն Տաժիմուրատովն ի սկզբանե ձերբակալվել էր 2022 թվականի հուլիսին և դատապարտվել 16 տարվա ազատազրկման՝ Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կարակալպակստանի Հանրապետության մայրաքաղաք Նուկուսում 2022թ․ հուլիսյան բողոքի ցույցերը կազմակերպելու և դրանց մասնակցելու մեղադրանքով։ Բողոքի ցույցերը հակազդեցություն էին Ուզբեկստանի իշխանությունների՝ երկրի սահմանադրությունից Կարակալպակստանի կարգավիճակի մասին դրույթը հեռացնելու ծրագրերին։
Բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 21 մարդ սպանվեց, որոնք ավարտվեցին անվտանգության ծառայությունների կողմից դաժան ճնշումներով։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, հազարավորները ձերբակալվեցին, շատերը ենթարկվեցին խոշտանգումների։ Տասնյակ կարակալպակ ակտիվիստներ բանտարկվեցին։ Չնայած միջազգային ճնշումներին՝ ոստիկանության միայն երեք աշխատակից է պատժվել բռնության չարաշահման համար, և այդ գործերի մանրամասները հասանելի չեն։
«Քաղաքացիական սոլիդարության պլատֆորմը» կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել Կարակալպակստանում մարդու իրավունքների վիճակին անդրադառնալու համար։ Ուզբեկստանի կառավարության խախտումներն ուղղակիորեն հակասում են վերջին տասնամյակում տրված նրա հավաստիացումներին, թե մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակական բարեփոխումների գործընթացի կարևորագույն բաղադրիչն է։ Մենք կոչ ենք անում Ուզբեկստանի կառավարությանը ազատ արձակել պարոն Տաժիմուրատովին և դադարեցնել Կարակալպակստանի այն բնակիչների քրեական և վարչական հետապնդումները, ովքեր պահանջում են նրա ազատ արձակումը։
Belarusian Helsinki Committee (Belarus)
Bir Duino (Kyrgyzstan)
Center for Civil Liberties (Ukraine)
Crude Accountability (USA)
Freedom Files (Poland)
Freedom Now (USA)
Helsinki Citizens’ Assembly – Vanadzor (Armenia)
Helsinki Committee for Human Rights in Serbia
Human Rights Centre “Viasna” (Belarus)
Human Rights Center of Azerbaijan (Azerbaijan)
International Partnership for Human Rights (Belgium)
Kazakhstan International Bureau for Human Rights and Rule of Law (Kazakhstan)
Memorial Human Rights Defense Center (Russia)
Norwegian Helsinki Committee (Norway)
OSCE Network (Sweden)
Promo LEX (Moldova)
Protection of Rights Without Borders (Armenia)
Public Association Dignity (Kazakhstan)
Turkmen Helsinki Foundation for Human Rights (Bulgaria)

