
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացնում է՝ քարոզչության ժամանակ հանրային ծառայողներին, կրթական ու բժշկական աշխատողներին արգելվում է վարչական ռեսուրս կիրառել։
«Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս» ,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Թեև ԿԸՀ հայտարարության մեջ մասնավոր օրինակ չի նշվում, մինչդեռ այս հայտարարությանը նախորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին դպրոցի ուսուցիչների մասնակցության տեղեկությունը։
Այսօր News.am-ը գրել էր, որ Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչները «Գազելներ»-ով տեղափոխվել են Ապարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցելու համար։ Լրատվամիջոցի հետ զրույցում դպրոցի ուսուցիչներից երկուսը հայտնել են, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատել են դասաժամերը։
Արձագանքելով տվյալ դեպքին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով քննություն կանցկացվի։
Անկախ դիտորդ դաշինքը դիտարկում է նշված դեպքով դատարան դիմելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։
«Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների կողմից դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելը առերևույթ խախտում է Ընտրական օրենսգքր 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները»,- հայտնում են Անկախ դիտորդ դաշինքից։

