
Մայիսի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Պայմանական վաղաժամկետ ազատման նոր կարգավորումներ․ ի՞նչ է փոխվելու» թեմայով։
Բանախոսներն էին ՀՀ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններին, որոնք վերաբերում են պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխմանը։
Ցողիկ Ալեքսանյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակը գործող համակարգը առավել բովանդակային և վերասոցիալականացմանը միտված դարձնելն է։ Նրա ներկայացմամբ՝ նոր հիբրիդային մոդելով պահպանվելու է բալային գնահատման համակարգը, սակայն ավելի մեծ դեր է տրվելու մասնագիտական եզրակացություններին և դատապարտյալի անհատական գնահատմանը։
Քննարկման ընթացքում նշվեց, որ առաջարկվող կարգավորումներով, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն այլևս չի դիտարկվելու որպես կրկնահանցագործության հավանականության չափորոշիչ, այլ գնահատվելու է որպես պատշաճ վարքագծի դրսևորում։ Ըստ Ալեքսանյանի՝ ՔԿՀ-ներում գտնվող անձինք հաճախ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենում բավարար եկամուտ ստանալ վնասը փոխհատուցելու համար, իսկ ազատության մեջ այդ հնարավորություններն ավելի լայն են։
Նարե Հովհաննիսյանը կարևորեց համակարգի պատրաստվածությունը՝ նշելով, որ արդյունավետ վերասոցիալականացման և ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ է մասնագիտական ներուժի ընդլայնում, այդ թվում՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների և իրավաբանների ներգրավմամբ։ Նրա խոսքով՝ վերասոցիալականացումը պետք է դիտարկվի ոչ միայն առանձին բաժինների, այլ ամբողջ քրեակատարողական համակարգի պատասխանատվության շրջանակում։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ռիսկերի գնահատման մեխանիզմներին, պրոբացիայի ծառայության դերին, ՔԿՀ-ներում առկա խնդիրներին, հնարավոր կոռուպցիոն ռիսկերին և առաջարկվող փոփոխությունների ազդեցությանը քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության վրա։
Բանախոսներն ընդգծեցին, որ բարեփոխումների արդյունավետ իրականացումը կախված է ոչ միայն օրենսդրական փոփոխություններից, այլ նաև համակարգի ինստիտուցիոնալ պատրաստվածությունից,
միջգերատեսչական համագործակցությունից և համայնքային աջակցության ապահովումից։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության
զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

