Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/5/2026
share

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի բնապահպանական կառավարման համակարգում, դուրս է պարզապես «ձախողում» հասկացությունից»․ Այսեր Ղազարյան

Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  մասնավորապես նշելով  ՀՀ-ի «Կանաչ անցումը» թղթի վրա և էկոհամակարգային կոլապսը իրականում 

(մասնագիտական վերլուծություն)

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի բնապահպանական կառավարման համակարգում, դուրս է պարզապես «ձախողում» հասկացությունից: Սա պատերազմ չէ, բայց այս գործընթացների ձախողումը հանգեցնում է ոչ պակաս աղետալի հետևանքների:

Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) ներկայացված «Հայաստանի կանաչ անցման համապարփակ գնահատման հաշվետվությունը» (տես՝ https://ace.aua.am/.../National-Assessment-Full-Report... ) ոչ թե առաջընթացի արձանագրում է, այլ ՀՀ բնապահպանական կառավարման համակարգի համակարգային ճգնաժամի վավերացումը: Փաստաթուղթը, եթե կարդանք «տողատակերով», փաստում է՝ Հայաստանի բնական կապիտալը մաշվում է ավելի արագ, քան պետությունը հասցնում է ստեղծել դրա պահպանման նույնիսկ տարրական մեխանիզմներ:

Ֆունդամենտալ հակասություններ և ռազմավարական կույր կետեր

1. Ռազմավարական դիսոնանս.

Մի կողմից ունենք մշակված պլաններ (NBSAP, ՛՛Սևանի վերականգնման ծրագիր՛՛, կառավարման պլաններ..), մյուս կողմից՝ իրական տնտեսություն, որը հենված է էքստենսիվ հանքարդյունաբերության և ջրային ռեսուրսների աղտոտման ու անխնա շահագործման վրա: Թղթի վրա «կանաչ» ենք, գործնականում՝ «հանքային»:

2. Իրավական շփում (Legal Friction) և ԵԱՏՄ-ԵՄ երկվություն.

Հաշվետվությունը բացահայտ խոստովանում է (էջ 21), որ ԵԱՏՄ պարտադիր տեխնիկական կանոնակարգերը ստեղծում են իրավական արգելակներ CEPA-ի և «Կանաչ օրակարգի» իրականացման համար: Հայաստանը հայտնվել է ստանդարտների բախման կետում, ինչը կաթվածահար է անում օրինակի համար էկո-պիտակավորման և էներգաարդյունավետության գործընթացները:

3. Ինստիտուցիոնալ դեգրադացիա և SIGMA-ի «փոշիացված» խորհուրդները.

Մինչ SIGMA-ն առաջարկում էր գիտահեն բարեփոխումներ, ՀՀ կառավարությունը գնաց մեխանիկական միավորումների ճանապարհով (օր.՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության լուծարումը, դեգրադացիան գերատեսչությունների ստորաբաժանումների մակարդակով): Արդյունքում՝ ոլորտային փորձաքննությունը փոխարինվեց վարչարարական անտարբերությամբ, իսկ պատասխանատու մարմինները մնացին առանց կարողությունների և ֆինանսավորման (էջ 142):

4. Կանաչ լվացում (Greenwashing) և COP17-ի շեմը.

Ակնհայտ է քաղաքական հնարքը. միջազգային հանրությանը (հատկապես COP17-ի նախաշեմին) ներկայանալ որպես առաջամարտիկ՝ հիմնվելով միայն վավերացված արձանագրությունների վրա, մինչդեռ երկրի ներսում էկոհամակարգերը շարունակում են դեգրադացվել:

՛՛Greenwashing՛՛-ը քաղաքական կամ մարքեթինգային հնարք է, որի նպատակն է թյուր պատկերացում ստեղծել, թե տվյալ քաղաքականությունը, ընկերությունը կամ ՛՛արտադրանքը՛՛ բնապահպանական է կամ «կանաչ», մինչդեռ իրականում այն չի համապատասխանում այդ չափանիշներին կամ նույնիսկ վնասակար է շրջակա միջավայրի համար.. և սկսած ..՛՛շրջակ միջավայրի՛՛ նախարարության անունից ..։

5. Տվյալների «civic.am-ացումը»՝ պրոֆեսիոնալիզմի վախճանը.

Որպես փորձագետ՝ ցնցված եմ տեսնելով, որ ազգային մակարդակի հաշվետվության մեջ (էջ 140) պաշտոնական վիճակագրության փոխարեն հղում է արվում քաղաքական ագիտացիոն կայքերի (civic.am) հոդվածներին: Սա ոչ միայն անարգանք է շվեդական կողմի (Sida) նկատմամբ, այլև ապացույց, որ անտառապատման/անտառվերականգնման իրական թվերը չեն համապատասխանում պաշտոնական քարոզչությանը:

Ոլորտային աղետալի պատկերը

Հանքարդյունաբերություն vs Էմերալդ ցանց. Բեռնի կոնվենցիայով նախատեսված «Էմերալդ» տարածքները (օր.՝ Քաղցրաշենի և Այգեզարդի մոտակա Կարմիր սարը) դուրս են բերվում պահպանությունից՝ հանուն հանքերի: Սա ֆունդամենտալ հարված է կենսաբազմազանությանը և մարդու առողջությանը (էջ 98):

Սևանա լիճ և ջրայի ռեսուրսներ. Լիճը վերածվել է կոմունալ կեղտաջրերի ավազանի, ջրում է նաև հայտվել ափամերձ անտառների հսկայական տարածքների կենսազանգվածը: Մաքրման կայանների բացակայությունը (միայն 1% մեխանիկական մաքրում) և, ընդհանրապես, ՀՀ-ում ջրի 70% կորուստը (էջ 17) վկայում են ռազմավարական էկոհամակարգի կառավարման լիակատար ձախողման մասին:

ՇՄԱԳ և «Ավտոմատ հավանություն». Օրենսդրական այս նորամուծությունը (էջ 289) ուղղակի սպառնալիք է: Պետական մարմնի լռությունը որպես «համաձայնություն» դիտարկելը ճանապարհ է բացում կոռուպցիոն ռիսկերի և էկոլոգիական հանցագործությունների համար:

Եզրակացություն.

Հայաստանը գտնվում է «հայելային պատկերի» փուլում. մենք ունենք ժամանակակից օրենքներ թղթի վրա և դեգրադացվող շրջակա միջավայր՝ իրականում: Եթե չվերանայվի տնտեսական զարգացման և բնապահպանության հավասարակշռությունը, «Կանաչ անցումը» կմնա որպես դոնորների փողերը վատնելու և միջազգային հարթակներում սին ելույթներ ունենալու գործիք:

Համեմատաբար ավելի մանրամասն հոդվածը դրված է հետևյալ հղումով․ Այսեր Ղազարյան

 

facebook sharing button facebook