Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/5/2026
share

Լոնդոնի պատժամիջոցների տակ հայտնված կառույցը ՀՀ-ում «ծրագրել էր իշխանափոխություն՝ հօգուտ ռուսամետ գործիչների». Ազատություն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախօրեին հայտարարել է ռուսաստանյան մի շարք կառույցների և մոտ հինգ տասնյակ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Պաշտոնական Լոնդոնը նրանց մեղադրում է «Ուկրաինայում ժողովրդավարության թուլացման, ինչպես նաև հայաստանյան ընտրություններին միջամտելու փորձերի համար»։

Բրիտանական կառավարության պնդմամբ՝ պատժամիջոցների թիրախում հայտնված կառույցներից մեկը՝ Մոսկվայում գործող Սոցիալական նախագծման գործակալությունը, «արշավներ էր ծրագրում, որոնց նպատակը Հայաստանում ռուսամետ կազմակերպությունների ստեղծումն էր և իշխանափոխությունը՝ հօգուտ ռուսամետ գործիչների»։

Լոնդոնի պատժամիջոցների տակ հայտնված ևս մեկ ռուսական կառույց՝ АНО Диалог կազմակերպությունը, ըստ Միացյալ Թագավորության կառավարության, «Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելուն ուղղված իր պլանները համակարգում էր Ռուսաստանի հետախուզության հետ»։

Լոնդոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն արդեն իսկ արձագանքել է բրիտանական կառավարության հայտարարությանը՝ այն «անհեթեթ» որակելով։

«Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն իսկ հանգեցրել է Կիևում պետական հեղաշրջման, այժմ էլ թիրախավորել է Հայաստանը։ Արևմուտքը ինքը պետք է դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա վերջերս եղավ Մոլդովայում և Ռումինիայում։ Գողն առաջինն է գոռում՝ «բռնիր գողին»»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունը։

facebook sharing button facebook