Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/5/2026
share

Թրամփը հիասթափված է և լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը. CNN

Նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունն օրեցօր աճում է պատերազմն ավարտելուն ուղղված բանակցություններում իրանական կողմի մոտեցումների պատճառով։ Թրամփի որոշ օգնականներ նշում են, որ նա այժմ ավելի լուրջ է դիտարկում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսումը, քան վերջին շաբաթների ընթացքում։

Քննարկումներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի համբերությունը հատում է Հորմուզի նեղուցի շարունակական փակման, ինչպես նաև Իրանի ղեկավարության ներսում նկատվող պառակտման պատճառով, ինչը, ըստ նրա, թույլ չի տալիս նրանց գնալ էական զիջումների միջուկային հարցերի շուրջ։ Իրանի վերջին արձագանքը, որը Թրամփը որակել է որպես «լիովին անընդունելի» և «հիմար», ստիպել է մի շարք պաշտոնյաների կասկածի տակ դնել Թեհրանի պատրաստակամությունը՝ որդեգրելու լուրջ բանակցային դիրքորոշում։

Աղբյուրները նշում են, որ վարչակազմի ներսում կան տարբեր թևեր, որոնք առաջարկում են իրավիճակի զարգացման այլընտրանքային ուղիներ։ Ոմանք, այդ թվում՝ Պենտագոնի պաշտոնյաները, կողմ են իրանցիներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ավելի ագրեսիվ մեթոդների, ներառյալ՝ թիրախային հարվածները, որոնք էլ ավելի կթուլացնեն Թեհրանի դիրքերը։ Այդուհանդերձ, մյուսները դեռևս հորդորում են դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն տալ։

Թրամփի շրջապատից շատերը ցանկանում են, որ պակիստանցի միջնորդներն ավելի անմիջական լինեն իրանցիների հետ հաղորդակցության մեջ։ Որոշ պաշտոնյաներ վաղուց կասկածում են, թե արդյոք պակիստանցիները բավականաչափ ագրեսիվ կերպով են փոխանցում Թրամփի դժգոհությունը բանակցությունների ընթացքից, ինչպես նախագահն անում է հրապարակավ։ Վարչակազմի որոշ ներկայացուցիչներ նաև կարծում են, որ Պակիստանը հաճախ ԱՄՆ-ին է ներկայացնում իրանական կողմի դիրքորոշման ավելի դրական տարբերակը, քան այն իրականում կա։

Տարածաշրջանային պաշտոնյաներից մեկը երկուշաբթի նշել է, որ տարածաշրջանի երկրների և Պակիստանի կողմից լուրջ ջանքեր են գործադրվում իրանցիներին հասկացնելու համար, որ Թրամփը հիասթափված է, և սա նրանց վերջին հնարավորությունն է լրջորեն ներգրավվելու դիվանագիտական գործընթացում, սակայն, թվում է՝ Իրանը չի լսում կամ որևէ մեկին լուրջ չի ընդունում։

Ըստ պաշտոնյայի՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների հարցում գործում են համբերության և ժամանակային տարբեր սանդղակներով, իսկ Թեհրանը տասնամյակներ շարունակ դիմակայել է տնտեսական ճնշումներին։

Երկուշաբթի օրը Սպիտակ տանը Թրամփը կրկին հանդիպել է իր ազգային անվտանգության թիմի հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար։ Բանակցություններին ծանոթ աղբյուրներն ասում են, որ գործողությունների վերաբերյալ հիմնական որոշումը դժվար թե կայացվի նախքան նախագահի մեկնումը Չինաստան, որը նախատեսված է երեքշաբթի կեսօրին․ CNN

facebook sharing button facebook