Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/5/2026
share

Նույնականացման քարտերը դառնում են պարտադիր 16 տարին լրացած քաղաքացիների համար. ԱԺ-ն ընդունեց նոր օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովի մայիսի 11-ի նիստում ընդունված օրենսդրական նոր փաթեթով Հայաստանում նույնականացման քարտ ունենալը 16 տարին լրացած անձանց համար դառնում է պարտադիր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած այս նախագիծը նպատակ ունի ID քարտը դարձնել երկրի ներսում կիրառվող հիմնական փաստաթուղթը, ինչը թույլ կտա քաղաքացիներին շատ ավելի հեշտ ու արագ օգտվել պետական զանազան ծառայություններից։ Ըստ նոր կարգի՝ 6-ից մինչև 16 տարեկան երեխաների համար քարտ ստանալը կլինի կամավոր, իսկ մինչև 6 տարեկանների պարագայում որպես հիմնական փաստաթուղթ կշարունակի ծառայել ծննդյան վկայականը։

Այս բարեփոխումը նաև կարևոր քայլ է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման ճանապարհին, քանի որ կենսաչափական նոր համակարգի ներդրումը եվրոպական կողմի առանցքային պահանջներից է։ Նախարարի խոսքով՝ վերջին զեկույցներում նույնպես շեշտվել է անձը հաստատող փաստաթղթերի համակարգային կազմակերպման անհրաժեշտությունը։ Նոր սերնդի կենսաչափական անձնագրերն ու քարտերը, որոնց վիզուալ հայեցակարգն արդեն ներկայացվել է, շրջանառության մեջ կդրվեն 2026 թվականի աշնանից։ Դրանք տպագրվելու են Նիդերլանդներում՝ մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությամբ, և այս պահին նախագիծն արդեն թևակոխել է նախատպագրական ու փորձարկման փուլ։

facebook sharing button facebook