
Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ լիագումար նիստում՝ ներկայացնելու «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները:
Նախարար Միրզոյան. «Նախագծերի նպատակն է օրենսդրական մակարդակով կարգավորել այն բացերը, որոնք առկա են մեր համակարգում՝ դիվանագիտական ծառայության մեջ` ժամանակի, մարտահրավերների, հնարավորությունների տեսանկյունից, այդ թվում, օրինակ՝ առաջարկում ենք դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկում
Նախատեսվում է դիվանագիտական գրասենյակի ստեղծման իրավակարգավորում: Այսինքն՝ լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ նպատակի տեսանկյունից նպատակահարմար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց, այնուամենայնիվ, դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա։ Մենք առաջարկում ենք ահա այդտեղ հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանը։
Վերանայվում են դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները։ Ըստ այդմ՝ առաջարկում ենք դեսպաններին հնարավորություն տալ շարունակել իրենց պաշտոնավարումը հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամանակով։ Գիտեք՝ դեսպանները հետո կարող են վերանշանակվել երկրորդ երկիր, և ահա այսպիսի վերանշանակման դեպքում առաջարկում ենք ծառայության առավելագույն միասնական ժամկետը դարձնել 8 տարի։
Նախատեսում ենք դիվանագիտական ներկայացուցչությունում ծառայող դիվանագետներին և ղեկավարներին որոշակի անհրաժեշտության առաջացման դեպքում կանչել մայրաքաղաք Երևան՝ խորհրդակցությունների. կարգավորվում են դրա հետ կապված հարցերը։
Հստակեցվում են դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները։
Բավականին էական փոփոխություն ենք անում ռոտացիոն գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով։
Ըստ այս նոր կարգավորման՝ դիվանագետները պետք է իրենց ծառայությունն անցկացնեն Երևանում 18 ամիս՝ նախկին 24-ի փոխարեն, որից հետո կկարողանան գործուղվել օտարերկրյա պետություն։
Գլխավոր հյուպատոսների համար սահմանում ենք Երևանում ծառայելու նվազագույնը 12 ամիս՝ մյուսների 18 ամսվա փոխարեն, և նրանց ծառայությունն օտարերկրյա պետությունում սահմանում ենք 3 տարի՝ ևս 1 տարի երկարացման հնարավորությամբ։
Համակարգում կան դիվանագետ ամուսիններ (շատ չեն, բայց ունենք), և երբ երկուսն էլ գործուղվում են օտարերկրյա պետություն ծառայության, նրանցից մեկը գործող կարգավորմամբ ստանում է աշխատավարձի ընդամենը 50 տոկոսը։ Սա, իհարկե, վաղուց իրեն սպառած և աբսուրդ կարգավորում է։ Եթե երկու դիվանագետն էլ իրականացնում են 100 տոկոսանոց ծառայություն ու աշխատանք, արդար է, որ երկուսն էլ վարձատրվեն իրենց հասանելիքի 100 տոկոսի չափով։
Առկա կարգավորմամբ արտաքին գործերի նախարարությունում ծառայող դիվանագետների վարձատրությունը կարգավորվում է օրենքով, որը ես քիչ առաջ նշեցի։ Մինչդեռ օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձը սահմանվում է Կառավարության որոշմամբ։ Հանում ենք այդ սահմանափակող կարգավորումը և օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձն ուղղակի հավասարեցնում ենք Երևանում իրենց ծառայությունն իրականացնող դիվանագետների աշխատավարձին». ՀՀ ԱԳՆ

