
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) հրապարակել է նոր զեկույց, որտեղ յոթ առանցքային գրաֆիկների միջոցով պատկերված է կլիմայական ներկայիս աղետի իրական պատկերը։ Տվյալները փաստում են՝ մարդկությունը մթնոլորտը շարունակում է «ողողել» ջերմոցային գազերով՝ սահմանելով նոր հակառեկորդներ։
Արտանետումների մակարդակը և ջերմաստիճանի թռիչքը Չնայած Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, 2024 թվականին ջերմոցային գազերի արտանետումները հասել են ռեկորդային՝ 58 միլիարդ տոննայի։ Սա հանգեցրել է նրան, որ մոլորակի մակերևույթի ջերմաստիճանն արդեն 1,5°C-ով ավելի տաք է, քան 19-րդ դարի վերջին։
«Ջերմոցային գազերը գործում են վերմակի պես՝ ջերմությունը պահելով Երկրի մակերևույթին մոտ, տաքացնելով մոլորակը և մղելով կլիմայի փոփոխությանը»,- նշվում է UNEP-ի զեկույցում։
Անդառնալիության կետը և տնտեսական կոլապսը Գիտնականները նախազգուշացնում են «անդառնալիության կետերի» մասին։ Եթե տաքացումը հասնի 3°C-ի, Գրենլանդիայի և Արևմտյան Անտարկտիդայի սառցե շերտերը կփլուզվեն՝ հանգեցնելով համաշխարհային օվկիանոսի մակարդակի աղետալի բարձրացման։ Սա միայն բնապահպանական խնդիր չէ, այլև տնտեսական ռումբ։
«Կլիմայի փոփոխությունը մինչև 2100 թվականը կարող է կրճատել համաշխարհային համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ապշեցուցիչ 22 տոկոսով։ Այդ տեմպերով ամեն տարի կկորսվի մոտ 133 տրիլիոն ԱՄՆ դոլարի հարստություն»։
Կա՞ հույսի նշույլ Չնայած գլոբալ տագնապին, որոշ երկրներում (ԵՄ, Չինաստան, Ճապոնիա) արտանետումների նվազման միտում կա։ Սակայն UNEP-ի փորձագետները շեշտում են՝ փոփոխությունների տեմպը բավարար չէ։
«Եթե երկրները շարունակեն նույն ճանապարհով, ինչ այսօր, ապա այս դարաշրջանում Երկիրը կարող է տաքանալ 2,5°C-ից մինչև 4,6°C։ Նման ջերմաստիճանային բարձրացումները կարող են կործանարար լինել»։
Հունիսի 5-ին նշվող Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակներում, որն այս տարի հյուրընկալում է Ադրբեջանը, միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռվելու է այս հրատապ լուծում պահանջող հարցերին. UN Environment Programme

