Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/5/2026
share

Վրաստանն այսօր ընտրում է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին

Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված խորհուրդն այսօր կընտրի Վրաստանի 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին, հայտնում է 1tv.ge-ն: Խորհրդի նիստը կկայանա Սուրբ Երրորդություն մայր տաճարում և նախատեսված է սկսել ժամը 13:00-ին:

 

Ակնկալվում է, որ եկեղեցական հավաքին կմասնակցի շուրջ 1,200 պատվիրակ: Նիստը կներառի Պատրիարքական գահի թեկնածուների ուղերձները, ինչպես նաև տարբեր թեմեր ներկայացնող պատվիրակների ելույթները: Գիտնականներից մեկը հանդես կգա նաև պատմական ակնարկով՝ կապված Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի տիտղոսի հետ:

 

Կաթողիկոս-Պատրիարքի ընտրության քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն միայն եպիսկոպոսները: Այն թեկնածուն, ով կստանա քվեարկությանը մասնակցող եպիսկոպոսների ձայների կեսից ավելին՝ տվյալ դեպքում 20 ձայն, կհամարվի ընտրված Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք:

 

Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա բացարձակ մեծամասնություն, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցեն միայն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Ապրիլի 28-ին Պատրիարքարանում գումարված Սուրբ Սինոդի նիստում Սինոդի անդամներն ընտրել են Պատրիարքական գահի երեք թեկնածուների:

 

Կաթողիկոս-Պատրիարքի թեկնածուներն են՝ Պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկույի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), Մրովելիի և Ուրբնիսիի միտրոպոլիտ Հոբը (Աքիաշվիլի) և Փոթիի ու Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլը (Բերբիչաշվիլի):

 

Թեկնածուների ընտրության նախնական քվեարկության ժամանակ տեղապահ Շիոն ստացել է 20 ձայն, իսկ մնացած երկու թեկնածուները՝ 7-ական ձայն: Վրաստանի 141-րդ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում:

facebook sharing button facebook