
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Նպատակը մեկն է՝ խստացնել պատիժները թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մասնավորապես՝ դրանց իրացման համար։
Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց նոր ու խիստ պատժաչափերը, որոնք էապես տարբերվում են գործող օրենքից.
Վաճառք «Տելեգրամով» և ՏՏ միջոցներով. Եթե այսօր առցանց հարթակներով թմրանյութ իրացնելու համար սահմանված է 3-ից 6 տարի, ապա նոր նախագծով պատիժը դառնում է 5-ից 10 տարի ազատազրկում։
Վաճառք անչափահասներին. Սա ամենացավոտ ու վտանգավոր ուղղությունն է։ Գործող պատժաչափը (3-ից 6 տարի) կտրուկ բարձրացվում է՝ սահմանվելով 8-ից 15 տարի բանտարկություն։
Առանձնապես խոշոր չափեր. Այս դեպքում ևս պատիժը կլինի նույնքան խիստ՝ 8-ից 15 տարի։
Պատգամավորի խոսքով՝ պատժաչափերի նման բարձրացումը պայմանավորված է թմրամիջոցների տարածման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հրամայականով։ Նախագիծն արդեն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում։

