Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/5/2026
share

Գյումրիում նոր անտառաշերտ է հիմնվում

Գյումրիում մեկնարկել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող նոր անտառաշերտի հիմնման աշխատանքները։ Մայիսի 10-ին կայացած լայնածավալ համաքաղաքային ծառատունկի արդյունքում Գյումրիի «Մուշ» թաղամաս տանող ճանապարհին հարող շուրջ 5 հեկտար նախկինում լքված տարածքում տնկվել է 600 ծառ՝ 300 կեչի, 300 բարդի։

 Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համայնքապետարանի նախաձեռնությամբ իրականացված միջոցառմանը միացել են քաղաքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային ու սպորտային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և բազմաթիվ կամավորներ: «Նոր անտառաշերտերի հիմնումը Գյումրու քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն է։ Նմանատիպ գոտիներ կհիմնվեն նաև քաղաքի այլ հատվածներում։ Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսզի այս տարածքը տարիներ անց դառնա սաղարթախիտ անտառ»,-նշել է համայնքային պաշտոնյաները։

Նորաստեղծ գոտին ծառայելու է որպես պաշտպանիչ պատնեշ քաղաքին բնորոշ ուժեղ քամիների դեմ։ Սկզբնական շրջանում ոռոգումը կիրականացվի ջրցան մեքենաների միջոցով, սակայն արդեն քննարկվում է տարածքում մշտական ոռոգման համակարգի կառուցման նախագիծը։

Քաղաքային իշխանությունները վստահ են, որ հետևողական խնամքի շնորհիվ այս 5 հեկտարը շուտով կդառնա քաղաքի նոր կանաչապատ գոտին՝ բարելավելով Գյումրիի էկոլոգիական վիճակն ու միկրոկլիման։

Այս նախաձեռնությունը պատմական կարևորություն ունի Գյումրիի համար։ Սա 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո առաջին դեպքն է, երբ քաղաքում հիմնվում է ոչ թե պարզապես զբոսայգի, այլ համակարգված անտառային շերտ։ Թեև 2001-ին և հետագա տարիներին քաղաքում հիմնվել էին մրգատու այգիներ, սակայն մասնագիտացված անտառաշերտի վերականգնմանն ուղղված քայլերը վերսկսվում են հիմա։

facebook sharing button facebook