Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/5/2026
share

Կլիմայի փոփոխությունը և արագիլների միգրացիայի փոփոխվող պատկերը Հայաստանում

Կլիմայի փոփոխություն և Նուբարաշենի աղբավայր. այս երկու գործոնները ստիպում են հայկական արագիլներին հրաժարվել հազարամյա միգրացիոն բնազդից։ COP17 գագաթաժողովին ընդառաջ հրապարակված այս վերլուծության մեջ երիտասարդներն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարձրաձայնում են կենսաբազմազանության կորստի վտանգների մասին՝ կոչ անելով համակարգային փոփոխությունների՝ նախքան բնության նախազգուշացումը կվերածվի անդառնալի աղետի, մասնավորապես գրում են․

Երևանում կայանալիք COP17 գագաթաժողովին ընդառաջ երիտասարդները և ՅՈՒՆԻՍԵՖ-ը անդրադառնում են կենսաբազմազանության հարցին

Սերունդներ շարունակ Հայաստանում արագիլի գալուստն ազդարարել է գարնան սկիզբը։ Արագլիների վերադարձը խորհրդանշել է, որ բնության բնականոն ընթացքը շարունակում է։ Հայկական մշակույթում արագիլը պարզապես թռչուն չէ, այլ օջախ, հույս և վերադարձ խորհրդանշող արժեք։

Սակայն այսօր այդ բնական ռիթմը սկսվում է փոխվել։ Ավելի ու ավելի շատ արագիլներ այլևս չեն լքում Հայաստանը տարվա ցուրտ եղանակներին՝ մնալով իրենց բներում ամբողջ տարին: Արդյունքում խախտվում է միգրացիոն բնական ցիկլը։

Այն, ինչ նախկինում խորհրդանշում էր վերածնունդ, այսօր վերածվում է լուռ նախազգուշացման։

Չվող թռչունները՝ որպես շրջակա միջավայրի փոփոխությունների ցուցիչ
Չվող թռչունները կախված են չափազանց ճշգրիտ բնապահպանական ազդակներից, ինչպիսիք են ջերմաստիճանի փոփոխությունը, ցերեկային լույսի տևողությունը և սննդի առկայությունը: Հենց այդ ազդակներն են ուղղորդում ավելի քան 5,000–10,000 կիլոմետր ձգվող նրանց ճանապարհորդությունները Եվրոպայի և Աֆրիկայի միջև (Kranstauber et al., 2011թ.)։

Այս համակարգերը կառուցված են շատ խիստ հավասարակշության վրա: Նույնիսկ փոքր խախտումները կարող են ազդել միգրացիայի ժամանակացույցի, թռչուղիների և նույնիսկ թռչունների գոյատևման վրա։

Movebank-ի նման հարթակների միջոցով հավաքագրված համաշխարհային դիտարկման տվյալները տվյալները ցույց են տալիս, որ տարբեր տեսակների և տարածաշրջանների թռչունների միգրացիոն վարքագիծն արդեն փոխվում է։ Որոշ թռչուններ ավելի վաղ են վերադառնում, որոշները՝ ավելի ուշ, իսկ որոշներն ընդհանրապես չեն չվում (Kranstauber et al., 2011; Frontiers in Ecology and Evolution, 2022թ.)։


Հենց այս զգայունության պատճառով չվող թռչունների վարքագծային և պոպուլյացիոն փոփոխությունները մատնանշում են էկոհամակարգերի խախտումները։ Գիտական ուսումնասիրությունները փաստում են, որ կլիմայի փոփոխությունն արդեն վերափոխում է միգրացիոն համակարգերն ամբողջ աշխարհում։

Ի՞նչ է փոխվում և ինչու
Եվրոպայում և Արևմտյան Ասիայում արդեն հստակ արձանագրվել են մի շարք փոփոխություններ․

Ավելի տաք ձմեռներ․ վերջին տասնամյակներին միջին ձմեռային ջերմաստիճանը զգալիորեն բարձրացել է, ինչի հետևանքով նվազել է երկարատև միգրացիայի անհրաժեշտությունը։ Արագիլների որոշ պոպուլյացիաներ անցում են կատարում ամբողջական միգրացիայից դեպի մասնակի կամ նույնիսկ մշտական բնակություն (Gilbert et al., 2016թ.)։

Ֆենոլոգիական (կենսաբանական ցիկլերի) փոփոխություններ․ թռչուններն ավելի վաղ են սկսում բույն դնել ու բազմանալ, սակայն սննդային համակարգերը միշտ չէ, որ նույն արագությամբ են փոփվում։ Արդյունքում առաջանում է անհամապատասխանություն թռչունների պահանջների և սննդի հասանելիության միջև, ինչը կարող է նվազեցնել գոյատևման ցուցանիշները։


Միջանկյալ կանգառների կորուստ․ չվող թռչուններն ապավինում են ճահճուտներին, խոտածածկ տարածքներին և գյուղատնտեսական լանդշաֆտներին՝ հանգստանալու և սննդի պաշարները վերականգնելու համար։ Այս կենսամիջավայրերի վատթարացումը մեծացնում է միգրացիայի ընթացքում մահացության ռիսկը (Plaza & Lambertucci, 2017)։

Այս փոփոխություններն այլևս հեռավոր երևույթներ չեն․դրանք արդեն տեսանելի են Հայաստանում։

Արագիլը Հայաստանում․ ավելին, քան թռչուն
Սպիտակ  արագիլը երկարատև միգրացիոն տեսակ է, որն ավանդաբար տեղափոխվում է Եվրոպայից դեպի Աֆրիկայի ենթասահարական շրջաններ: Այն ունի թե՛ էկոլոգիական, թե՛ մշակութային կարևորություն։ Էկոլոգիական առումով արագիլը նպաստում է միջատների և մանր ողնաշարավոր կենդանիների պոպուլյացիաների կարգավորմանը։ Մշակութային առումով արագիլը վաղուց խորհրդանշում է պտղաբերություն, օջախ և շարունակականություն։

Գիտական տեսանկյունից սպիտակ արագիլը համարվում է նաև կենսացուցիչ տեսակ (bio-indicator), այսինքն՝ նրա վարքագծի փոփոխությունները կարող են արտացոլել ավելի լայն էկոլոգիական խնդիրեր կամ էկոհամակարգերի խաթարումներ (Tryjanowski et al., 2021թ.)։

Եվ այսօր այդ փոփոխություններն արդեն դժվար է անտեսել։

Կլիմայի փոփոխությունը մեծացնում է ծայրահեղ եղանակային երևույթների՝ այդ թվում՝ երաշտների, ջրհեղեղների և ուժեղ փոթորիկների հաճախականությունն ու ուժգնությունը, ինչը վտանգավոր է չվող թռչունների համար (Murray, 2025)։ Սակայն միայն կլիմայի փոփոխությունը չի բացատրում արագիլների վարքագծի փոփոխությունը։ Ամենակարևոր գործոններից մեկը մարդու կողմից փոփոխված սննդային համակարգերն են։

Երևանի մերձակայքում գտնվող Նուբարաշենի աղբավայրը դարձել է սպիտակ արագիլների սննդի հայթայթման կարևոր վայր։ Ի տարբերություն բնական էկոհամակարգերի՝ այն ամբողջ տարվա ընթացքում կայուն, բարձր կալորիականությամբ սննդի աղբյուր է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման կանխատեսելի սննդային աղբյուրների հասանելիությունը կարող է հիմնովին փոխել թռչունների միգրացիոն վարքագիծը՝ չվող թռչուններին ժամանակի ընթացքում վերածելով մշտական բնակիչների (Gilbert et al., 2016թ.; Plaza & Lambertucci, 2017թ.)։

Հայաստանում իրականացված դաշտային դիտարկումները փաստում են, որ ձմռան ամիսներին հարյուրավոր արագիլներ կարող են հավաքվել աղբավայրերի տարածքներում. մի երևույթ, որը տասնամյակներ առաջ չափազանց անսովոր կլիներ։

Բացի այդ, աղբավայրերում բռնկվող հրդեհները ժամանակավորապես մեծացնում են սննդի հասանելիությունը՝ ի հայտ բերելով օրգանական թափոններ և դուրս մղելով միջատներին։ Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ այս երևույթները չեն, որ ձևավորում այդ վարքագիծը․դրանք ընդամենը ուժեղացնում են արդեն գոյություն ունեցող կախվածությունը։

Երբ տարվա բոլոր եղանակներին հասանելի սնունդը համադրվում է ավելի մեղմ ձմեռների հետ, արագիլների համար միգրացիան դադարում է կենսական անհրաժեշտություն լինել։ 

Ի՞նչ ենք մենք կորցնում
Առաջին հայացքից կարող է թվալ, որ արագիլների նստակյաց դառնալը անվնաս երևույթ է, գուցե անգամ մշակութային կամ խորհրդանշական առումով դրական։ Սակայն դրա հետևանքներն ավելի խորքային են։ Միգրացիան պարզապես տեղաշարժ չէ․ այն բարդ էկոլոգիական համակարգի մաս է, որը կապում է մայրցամաքները։

Երբ այդ համակարգը խաթարվում է՝
•    խաթարվում է էկոհամակարգերի հավասարակշռությունը,
•    փոփոխվում են կենսատեսակների փոխազդեցությունները,
•    նվազում է երկարաժամկետ դիմակայութնությունը, 
իսկ դրա ազդեցությունը երկարաժամկետ առումով անդրադառնում է նաև երեխաների և նրանց ապագայի վրա։

Ի՞նչ կարող ես անել դու
Այս մարտահրավերներին արձագանքելու համար անհրաժեշտ են թե՛ համակարգային, թե՛ անհատական քայլեր․

Նվազեցնել աղբավայրերից կախվածությունը․ թափոնների կառավարման ավելի արդյունավետ համակարգերը կարող են սահմանափակել վայրի կենդանիների կախվածությունն արհեստական սննդի աղբյուրներից։

  • Պահպանել բնական կենսամիջավայրը․ խոնավ տարածքները և սննդավայրերը պետք է պահպանվեն՝ միգրացիոն համակարգերի բնականոն ընթացն ապահովելու համար։
  • Աջակցել միգրացիոն տեսակների ուսումնասիրությանը և մշտադիտարկմանը․ սպիտակ արագիլի նման տեսակների ուսումնասիրությունը օգնում է վաղ փուլում հայտնաբերել էկոհամակարգային փոփոխությունները։
  • Իմանալ բնության մասին ավելին և պատասխանատու վարքագիծ դրսևորել․ խուսափել բաց տարածքներում աղբ թողնելուց, ինչը կարող է գրավել կենդանիներին։
  • Ունենալ պատասխանատու թռչնադիտարկման մշակույթ․ դիտարկման ժամանակ ապահովել արագիլների և այլ չվող թռչունների անվտանգությունը: Չվնասել բները, չխանգարել հանգստացող կամ սնվող թռչուններին։
  • Հարգել կենսամիջավայրն և հետքեր չթողնել։ Պահպանել լռություն և զգուշավորություն՝ չվնասելով բնական միջավայրը։

2026 թվականին, ինչպես ամեն տարի1993 թվականից ի վեր, Չվող թռչունների համաշխարհային օրը (WMBD) նշվելու է երկու անգամ՝ մայիսի 9-ին և հոկտեմբերի 10-ին՝  նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը չվող թռչունների և դրանց պահպանության կարևորության մասին։ Սա իրազեկման բարձրացման միակ օրն է, որը նշվում է երկու տարբեր ժամանակահատվածներում՝ ընդգծելու թռչունների միգրացիայի գլոբալ բնույթը և այն փաստը, որ հյուսիսային և հարավային կիսագնդերում միգրացիայի ակտիվ փուլերը տարբեր ժամանակներում են տեղի ունենում:

Իրազեկվածությունը վերացական հասկացություն չէ․ այն ձևավորում է վարքագիծ, քաղաքականություն և առաջնահերթություններ։ Կիսվի՛ր այս հոդվածով և օգնի՛ր բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանի սպիտակ արագիլների մասին․ ՅՈՒՆԻՍԵՖ

facebook sharing button facebook