
Շվեդական Blankspot հետաքննողական հարթակը ձեռք է բերել «2026 թվականի «հակափաշինյանական» ուղղությամբ աշխատանքի ծրագիր» վերնագրով ռուսական մի գաղտնի փաստաթուղթ։ Այն մանրամասնում է Մոսկվայի ռազմավարությունը՝ միջամտելու 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին։
Հրապարակման մեջ այնուհետև ասվում է․ փաստաթուղթը նախանշում է ինչպես ընդհանուր նպատակները, այնպես էլ աշխատանքի իրականացման կոնկրետ մեթոդները։ Ի թիվս այլոց, փաստաթղթում նշվում է, որ կենտրոնական նպատակն է ընտրությունները ներկայացնել որպես անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ անվստահության քվե։ Այն նաև նկարագրում է ջանքերը՝ ուղղված գործող կառավարության ազդեցության սահմանափակմանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մեկ այլ նպատակ է կանխել Փաշինյանի «քաղաքական կերպարի» փոփոխությունը կամ «արդիականացումը» քվեարկությունից առաջ։
Այնուամենայնիվ, փաստաթուղթը չի հստակեցնում, թե որ ընդդիմադիր կուսակցությանն է Ռուսաստանը նախապատվություն տալիս Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» փոխարեն։ Փոխարենը, այն նկարագրում է գործիքները, որոնք պետք է օգտագործվեն հանրային կարծիքի վրա ազդելու համար։
Առաջարկների թվում է սոցիալական ցանցերում ռուսամետ թեզերի առկայությունը եռապատկելու ծրագիրը՝ 2025 թվականի աշնան համեմատությամբ՝ օրական մեկ միլիոն դիտումից հասցնելով մինչև երեք միլիոնի։ Ըստ փաստաթղթի՝ ռուսամետ ցանցում կարծիք ձևավորողների թիվը պետք է ընդլայնվի 15-ից մինչև շուրջ 40 հոգի։
Փաստաթղթում նաև նշվում է, որ նրանցից ամենաականավորները ընտրություններից առաջ պետք է տեղավորվեն ընդդիմադիր կուսակցությունների անցողիկ հորիզոնականներում։ Այն նաև նկարագրում է սոցիալական մեդիայում իրականացվող այսպես կոչված «կեղծ դրոշի» (false flag) արշավներ, թիրախային մեկնաբանությունների արշավներ իշխող կուսակցության քարոզիչների դեմ և հատուկ «ստրինգերային խմբերի» ստեղծում՝ ընտրարշավի ընթացքում էքսկլյուզիվ բովանդակություն արտադրելու համար։
Փաստաթղթի սկզբում ներկայացված են Հայաստանի ընտրություններից առաջ Ռուսաստանի նպատակները։ Ամբողջական փաստաթուղթը հնարավոր է ընթերցել թե՛ ռուսերեն, թե՛ անգլերեն։
Blankspot-ը կարողացել է հաստատել փաստաթղթի իսկությունն ու ծագումը, սակայն հնարավոր չէ պարզել, թե որքանով է այդ ռազմավարությունն իրականում կյանքի կոչվել կամ որքանով է այն առանցքային ռուսական ազդեցության ջանքերում։ Այդուհանդերձ, փաստաթղթի մի քանի ասպեկտներ համապատասխանում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
Փաստաթղթի ստուգման ընթացքում Blankspot-ը պարզել է, որ այն սկիզբ է առել այն նյութերից, որոնք ձեռք են բերվել ռուսական հատուկ ծառայությունների տիրույթում գործող անձի՝ երրորդ կողմի հաքերային հարձակման ենթարկվելուց հետո (մինչև 2026 թ. մարտը)։ Նրա գործունեությունը Հայաստանում արտացոլում է փաստաթղթի բովանդակությունը։
Հայաստանում այդ անձը մասնակցել է համաժողովների և սեմինարների, հանդիպել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ և պարբերաբար մեկնաբանություններ տվել լրատվամիջոցներին երկրի քաղաքական զարգացումների վերաբերյալ։ Ուղերձը հաճախ նույնն է եղել. Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով՝ երես թեքելով Ռուսաստանից։
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ազդեցության շուրջ բանավեճը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին դրդեց Հայաստանի կառավարությանը դիմել ԵՄ օգնությանը՝ ռուսական ազդեցությանը հակազդելու համար։ Նույնատիպ աջակցություն տրամադրվել էր Մոլդովային նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Ըստ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի՝ նույն ցանցերը, որոնք նախկինում գործում էին Մոլդովայում, այժմ գործում են նաև Հայաստանում։ Նմանատիպ կասկածներ ուղղվել են նաև հարևան Վրաստանի հասցեին, որտեղ 2024 թվականի ընտրությունների ժամանակ ԵՄ հատուկ աջակցության միջոցներ չէին հրավիրվել։
Ապրիլին Meta-ն փակեց մոտ 70 ֆեյսբուքյան հաշիվ և էջ Հայաստանում, որոնք համարվել էին կեղծ։ Միևնույն ժամանակ, ռուս պաշտոնյաները բազմիցս մեղադրել են հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին «հակառուսական թեզեր» տարածելու մեջ։ Կիբերանվտանգության վերլուծաբանները նաև մատնանշել են Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող այսպես կոչված «ֆիշինգային» հարձակումները։
Պատրիկ Օկսանենը՝ «Ստոկհոլմի ազատ աշխարհի ֆորում» ուղեղային կենտրոնի ավագ գիտաշխատող և ռուսական ազդեցության գործողությունների փորձագետ, նշել է, որ փաստաթղթի բովանդակությունը սերտորեն համապատասխանում է Շվեդիայի հոգեբանական պաշտպանության գործակալության զեկույցին։
«Փաստաթղթից պարզ է դառնում, որ ռուսական ազդեցությունը առաջին հերթին դասական իմաստով քարոզչություն չէ։ Խոսքը սոցիալական ինժեներիայի մասին է՝ հասարակության մեջ անվստահություն, բևեռացում և հուսահատություն ստեղծելու մասին»։
Նա շարունակել է՝ պնդելով, որ ռազմավարությունը նոր չէ.
«Նրանք փորձում են ազդել ոչ միայն այն բանի վրա, թե ինչ են մարդիկ մտածում, այլև այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ արձագանքում, զգում և գործում քաղաքականապես. խորհրդային տարիներին սա հայտնի դարձավ որպես «ռեֆլեքսիվ վերահսկողություն»։ Եվ դա իրականացվում է խիստ համակարգված, տվյալների վրա հիմնված և կազմակերպված ձևով՝ գրեթե ժամանակակից գովազդային արշավների կամ հոգեբանական գործողությունների պես։ Հայաստանի դեպքը սրա հերթական հաստատումն է»։
Օկսանենը նաև զգուշացրել է, որ ռուսական ազդեցությանը հակազդելու ավանդական մեթոդները՝ գիտելիքի, փաստերի ստուգման և կիբերանվտանգության միջոցով, լիովին արդյունավետ չեն եղել։
Ընտրություններից մեկ ամիս առաջ պարզ է դառնում, որ պայքարն ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործող կառավարության և ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի նորաստեղծ «Հզոր Հայաստան» կուսակցության միջև։ Հարցումները ցույց են տալիս կառավարության հստակ առավելությունը։
Հունիսյան խորհրդարանական ընտրությունները կլինեն առաջինը 2021 թվականի ամռան արտահերթ ընտրություններից հետո, որոնք անցկացվեցին 2020 թվականի աշնանային Լեռնային Ղարաբաղի պատերազմից ընդամենը ամիսներ անց։
Թեև «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց 2021 թվականի ընտրություններում, Փաշինյանի հեղինակությունն այնուհետև թուլացել է։ Կարևոր պատճառներից մեկն այն է, որ ավելի քան 100,000 հայեր ստիպված եղան փախչել Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի աշնանը՝ Ադրբեջանի հարձակումից հետո։ Միևնույն ժամանակ, քննադատները պնդում են, որ 2018-ի իշխանափոխությունից հետո խոստացված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի մի մասը չի իրականացվել։
Ժողովրդավարական զարգացմանը հետևող միջազգային ինդեքսների մեծ մասը ցույց է տալիս լճացում 2018 թվականից ի վեր։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային վերջին ինդեքսում Հայաստանը նահանջել է 16 հորիզոնականով՝ զբաղեցնելով 50-րդ տեղը 180-ից։
Մայիսի 7-ին Փաշինյանը հայտարարեց, որ չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա տոնակատարություններին։

