
Օրերս Գործադիրը հավանության արժանացրեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը խմբագրվել է ողջ ծավալով։
Բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ) այն տարածքներն են, որոնք ունեն բնապահպանական, գիտական, կրթական, առողջապահական, պատմամշակութային, զբոսաշրջային և գեղագիտական բացառիկ արժեք։ Դրանք ապահովում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ ու անհետացման եզրին գտնվող բուսատեսակների և կենդանատեսակների պահպանությունը բնական միջավայրում։
«Բնության պահպանության միջազգային միության (IUCN) դասակարգմամբ առանձնացվում են պահպանվող տարածքների 6 հիմնական կարգավիճակներ՝ արգելոց, ազգային պարկ, բնության հուշարձան, արգելավայր, պահպանվող լանդշաֆտներ և բնական ռեսուրսների կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք։ Հայաստանում մինչ այս գործել է չորս կատեգորիա, իսկ օրենսդրական փոփոխություններից հետո ավելացել է 5-րդը»,- նշում է ՀՀ ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
Պաշտոնյան այս փոփոխությունը ռազմավարական է համարում։ Ըստ նրա՝ այսուհետ համայնքը պարտավորված չի լինի տարածքները նվիրել պետությանը՝ պահպանություն իրականացնելու համար։ Նախկինում հենց այս հանգամանքն է խոչընդոտել պահպանվող տարածքների ընդլայնման քաղաքականությանը։
Օրենքում ավելացվել են նաև դրույթներ, որոնցով առանձնացվում են կենսաբազմազանության կարևոր տարածքները (թռչնաբանական, բուսաբանական և այլն) և հնարավորություն է ընձեռվում ստեղծել տարածքային կառավարման նոր մոդելներ։
Ինչ վերաբերում է դասական պահպանվող տարածքներին, ապա Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչև 2030 թվականը ստեղծել երկու նոր պահպանվող տարածք։

