Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

Ինչպե՞ս են փորձում վերակենդանացնել հանքի «մեռած» թույլտվությունը․ Եղեգիսի բնակիչներն ահազանգում են

Եղեգիս համայնքում  տեղական իշխանությունը փորձում է «վերակենդանացնել» մի թույլտվություն, որն իրականում ուժը կորցրած է ճանաչվել դեռ 2023-ին։ Բնակիչների և փորձագետների կողմից հրապարակված «Ահազանգ-դիմումը» բացահայտում է  փաստեր. ավագանու որոշումն ընդունվել է ձայների պակասով, ինչը փաստաթուղթը դարձնում է առ ոչինչ, մինչդեռ դրա կիրառումը սպառնում է թունավորել Արփա ու Եղեգիս գետերը և խզել Սևանա լճի սնուցման շղթան։

Խնդրի կիզակետում «Մեդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն է, որը ցանկանում է երկարաձգել Վայոց Ձորի մարզի Վարդահովիտի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը։ Սակայն բնակիչների և մասնագետների կողմից ներկայացված ծավալուն դիմումը, որն ուղղված է ՀՀ նախարարություններին և մարզպետարանին, բացահայտում է ցնցող իրավախախտումներ։ Դիմումատուները հստակ շեշտում են, որ «իրավաբանորեն անհնար է երկարաձգել այն իրավունքը, որն արդեն դադարել է», քանի որ ընկերության թույլտվության ժամկետն ուժը կորցրած է ճանաչվել դեռևս 2023 թվականի ապրիլին։ Սա նշանակում է, որ ավագանու կողմից քննարկվող նախագիծն իրականում առարկայազուրկ է և ակնհայտ ոչ իրավաչափ։

Այս պատմությունը վերաբերում է Եղեգիսի ավագանու 2026 թվականի ապրիլի 17-ի նիստին, որտեղ ընդունված որոշումը բնակիչները որակում են որպես «առ ոչինչ»։ Փաստաթղթերի համաձայն՝ ավագանու 10 անդամներից նիստին ներկա են եղել 8-ը, սակայն քվեարկությանը մասնակցել են միայն 5-ը։ Քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը պահանջում է անդամների ձայների մեծամասնությունը՝ տվյալ դեպքում առնվազն 6 «կողմ» ձայն, ապա 5 ձայնով հաստատված որոշումը փաստացի չի ընդունվել և չունի որևէ իրավաբանական ուժ։ Բնակիչներն իրենց ահազանգի մեջ զգուշացնում են պետական մարմիններին զերծ մնալ նման ապօրինի վարչական ակտի կիրառումից, քանի որ այն ստեղծում է օրինականության պատրանք և ուղղակիորեն խախտում է իրավական պետության հիմքում ընկած որոշակիության սկզբունքը։

Սակայն այս թղթաբանական քաոսի և ընթացակարգային կեղծիքների հետևում թաքնված է շատ ավելի լուրջ՝ ռազմավարական վտանգ։ Ուսումնասիրվող տարածքը գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 3200 մետր բարձրության վրա, որտեղից սկիզբ են առնում Եղեգիս գետի վտակները։ Սա այն բնական զարկերակն է, որը սնում է Արփա գետը, իսկ վերջինս «Արփա-Սևան» թունելով կենսական ջուր է հասցնում Սևանա լճին։ Հանքարդյունաբերական ցանկացած միջամտություն այս բարձրադիր գոտում սպառնում է թունավորել ոչ միայն լիճը, այլև «Խանջյանի ջրատարը» և Գետիկվանք-Եղեգնաձոր խմելու ջրատարը, որոնցից կախված է ամբողջ տարածաշրջանի գյուղատնտեսությունն ու բնակչության առողջությունը։ Ահազանգող կողմը հիշեցնում է, որ այս ամենը տեղի է ունենում առանց պատշաճ հանրային լսումների և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, ինչը Օրհուսի կոնվենցիայի կոպիտ խախտում է։

Այսօր Եղեգիսի բնակիչները կանգնած են մի ընտրության առաջ, որտեղ մի կողմում կասկածելի իրավական հիմքերով հանքն է, մյուս կողմում՝ իրենց հողի ջուրն ու ապագան։ Իրենց դիմուում  պահանջում են անհապաղ կասեցնել ապօրինի որոշման ընթացքը՝ շեշտելով, որ թույլ չեն տա թղթային մանիպուլյացիաներով վտանգել իրենց համայնքի և Սևանա լճի էկոհամակարգը։ Հարցը մնում է բաց. արդյո՞ք պետական մարմինները կցուցաբերեն անհրաժեշտ կամք՝ վերականգնելու օրինականությունը, թե՞ աչք կփակեն ակնհայտ «առ ոչինչ» որոշման վրա, որը կարող է դառնալ բնապահպանական անդառնալի աղետի սկիզբ․ Եզեգիսի բնակիչներ

facebook sharing button facebook