Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականությունը, ատելությունն ու բռնության քարոզը․ ՀՀ ՄԻՊ

Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին։

Պաշտպանն ընդգծել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը երբեմն ընկալվում է որպես անսահմանափակ իրավունք, ինչի հետևանքով տարածվում են ատելություն, խտրականություն և բռնություն հրահրող խոսույթներ։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ խոսքի ազատությունն ունի հստակ սահմաններ, իսկ հասարակության մեջ պատասխանատվության մշակույթի ձևավորման հարցում առանցքային դերակատարում ունեն բոլորը։

Միաժամանակ Պաշտպանը մտահոգիչ է համարել խոսքի ազատության սահմանների խախտման դեպքերում պատասխանատվության գործիքների, մասնավորապես քրեական պատասխանատվության կիրառման ոչ միասնական պրակտիկան՝ ընդգծելով, որ տարբերակված մոտեցումների կիրառումը հաճախ ստեղծում է հայեցողականության տպավորություն:

 

Անահիտ Մանասյանն առանցքային է համարել քրեական պատասխանատվության կիրառման միասնական պրակտիկայի ձևավորումը և նշված գործիքի կիրառումը բացառապես համարժեք հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում: Պաշտպանը խնդրահարույց է համարել այն հանգամանքը, որ վարքագծի կանոնների խախտում հանդիսացող նման խոսքի տեսակները գրեթե չեն հանգեցնում կարգապահական պատասխանատվության գործիքների կիրառման:

 

Հատկապես նախընտրական ժամանակահատվածի համատեքստում Անահիտ Մանասյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին իրենց քաղաքական խոսույթում բացառել խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները այլ կերպ խախտող խոսույթի տեսակները:

facebook sharing button facebook