
Երեխաների պաշտպանության ցանցը հայտարարություն է տարածել Վեդիում տեղի ունեցած դեպքի հետ կապված, որի հետևանքով երկու անչափահաս քույրեր ենթարկվել են սեռական և հոգեբանական բռնության, մասնավորապես նշելով՝
Երեխաների պաշտպանության ցանցը խոր մտահոգությամբ հետևում է Վեդիում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով երկու անչափահաս քույրեր ենթարկվել են սեռական և հոգեբանական բռնության։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ բռնությունն իրականացրել է երեխաների համար վստահելի դարձած մեծահասակ, որը ոչ միայն օգտվել է ընտանիքի վստահությունից, այլ նաև սպառնալիքների միջոցով փորձել է լռեցնել երեխաներին։ Սա հերթական ցավոտ հիշեցումն է, որ երեխաների նկատմամբ սեռական բռնությունը շատ հաճախ տեղի է ունենում երեխայի ամենամոտ և «անվտանգ» թվացող միջավայրում։
Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Լանզարոտեի կոնվենցիան, ստանձնել է հստակ պարտավորություն՝ կանխարգելելու երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ապահովելու դրա վաղ հայտնաբերումը և երեխայի անհապաղ պաշտպանությունը։ Կոնվենցիան նաև հստակ շեշտում է, որ երեխաների հետ աշխատող մասնագետների համար գաղտնիության կանոնները չեն կարող պատճառ դառնալ լռելու, եթե առկա է երեխայի նկատմամբ բռնության հիմնավոր կասկած։ Սա նշանակում է, որ բռնության նույնիսկ ամենափոքր կասկածի դեպքում հաղորդում տալը ճիշտ և անհրաժեշտ քայլ է։
Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում յուրաքանչյուր հինգ աղջիկներից առնվազն մեկը մանկության ընթացքում ենթարկվում է սեռական բռնության։ Դեպքերի մեծ մասը երկար ժամանակ մնում է չբացահայտված՝ վախի, ամոթի, կախվածության և սպառնալիքների պատճառով։ Հետևաբար սխալ և վտանգավոր է կարծել, թե նման դեպքերը բացառություն են կամ «մեզ մոտ չեն լինում»։ Նույնիսկ մեր երեխայասեր հասարակությունում երեխաները լիովին պաշտպանված չեն նման վտանգներից, և այդ իրականության ընդունումը կարևոր նախապայման է կանխարգելման համար։
Կարևոր ենք համարում նշել, որ Երեխաների պաշտպանության ցանցի անդամ առնվազն երկու կազմակերպություն, որոնք աշխատում են Արարատի մարզում, արդեն ներգրավված են դեպքի հետ կապված աշխատանքներում և աջակցում են երեխաների պաշտպանության գործընթացներին։ Միաժամանակ համոզված ենք, որ այս դեպքը պետք է դառնա ոչ միայն քրեական քննության առարկա, այլ նաև լուրջ ազդակ՝ վերանայելու երեխաների պաշտպանության գործող մեխանիզմները, մասնագետների պատրաստվածությունը և համայնքներում վաղ արձագանքի համակարգերը։
Այս պատկերը կփոխվի, եթե մեզնից յուրաքանչյուրը չմնա լուռ և անտարբեր։
Յուրաքանչյուր արձագանք, յուրաքանչյուր հաղորդում, յուրաքանչյուր լուրջ վերաբերմունք երեխայի խոսքի և վարքագծի փոփոխության նկատմամբ կարող է դառնալ այն քայլը, որը կկանխի շարունակվող բռնությունը և կփրկի երեխային։
Երեխաների պաշտպանության ցանցը շարունակելու է հետևել գործի ընթացքին, համագործակցել ներգրավված մասնագիտական կառույցների հետ և իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երեխաների լավագույն շահի, պաշտպանության և արդարության ապահովման համար․ նշել են հաղորդագրությունում

