Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/5/2026
share

Հայաստանը կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ  տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության միջև ստորագրվել է ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։

Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին,  «ԱՅ․ ԱՐ․ ԴԻ․ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին, ինչպես նաև Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը․ «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։ Ծրագիրը նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»։ ՊԵԿ նախագահը շեշտել է, որ ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ոչ միայն պաշտոնական փաստաթուղթ է, այլև ընդհանուր պատասխանատվության, փոխվստահության և զարգացման հավակնոտ տեսլականի խորհրդանիշը։

Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների, Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարևոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության և առևտրի դյուրացման, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման գործում։

Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ստորագրել են ՊԵԿ գլխավոր քարտուղար Դավիթ Մաթևոսյանը և  «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին։

Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական և լոգիստիկ հանգույց՝ միտված միջազգային բեռնափոխադրումների և մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաև ժամանակակից և թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից և միտված է դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների  դյուրացմանը՝ ապահովելով մաքսային գործընթացների արագ և թվայնացված սպասարկում։ Նորաստեղծ  կենտրոնը կգործի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բիզնեսին հնարավորություն տալով մեկ վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ, սահմանազատման գործընթացները կազմակերպել ավելի արագ։ Ծրագրով նախատեսվում է ներդնել ժամանակակից մաքսային և լոգիստիկ լուծումներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական X-ray սկանավորման և զննման սարքավորումներ, բեռնատարների սպասարկման և կայանման գոտիներ, վարչական և օժանդակ ենթակառուցվածքներ, ինչպես նաև թվային կառավարման և էներգաարդյունավետ համակարգեր։

Նշենք, որ ծրագրի նախագծման և տեխնիկական աշխատանքները վստահվել են միջազգային փորձ ունեցող իտալական IRD Engineering ընկերությանը, իսկ շինարարությունն իրականացվելու է FIDIC Yellow Book միջազգային չափանիշներին համապատասխան։ Միաժամանակ, նախագիծը հավակնում է ստանալ LEED կանաչ շինարարության հավաստագիր, որի շրջանակում նախատեսվում են էներգաարդյունավետ և ջրախնայող լուծումներ, կանաչ տարածքների զարգացում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կիրառման հնարավորություններ։

Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին․ Նշված է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook