
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու դեպքեր։
Մասնավորապես՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ ՌԴ Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։
Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին կաշառքի առաջարկի կամ այլ իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում, այդ թվում՝ անանուն եղանակով, անհապաղ դիմել Կոմիտե և միաժամանակ տեղեկացնում, որ քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով։

