Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/5/2026
share

Պաշտոնանկություններ Արարատի մարզում՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործի ֆոնին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից՝ չմանրամասնելով ազատման պատճառները:

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ազատումները կապված են Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի ոչ պատշաճ քննության հետ:

 

Քննչական կոմիտեից էլ լրատվամիջոցներին հայտնել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Ա.Ե.-ի և Դ.Ա.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին։ 

facebook sharing button facebook