Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/5/2026
share

Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Արցախի մշակութային ժառանգության մասին հայտարարությունները․ Ֆակտոր

Վճռականորեն մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի կողմից մայիսի 6-ին Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ արված հայտարարությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ ֆրանսիացի նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը՝ «Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող ղարաբաղյան տարածաշրջանի մասին», անընդունելի է։ «Այն փուլում, երբ Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքներում միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան իրականացված պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծվել են կայուն խաղաղության պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, ինչպես նաև նրա մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

 

Ֆրանսիացի նախարարը, անտեսելով հայկական օկուպացիայի ընթացքում ադրբեջանական տարածքներում հարյուրավոր մզկիթների և այլ մշակութային ժառանգության վայրերի ոչնչացումը, մեկնաբանում է օկուպացիայից մնացած որոշ շենքերի քանդումը՝ անտեղի հղում անելով Միջազգային դատարանում քննվող գործին։ Սա երկկողմանի մոտեցման հստակ օրինակ է»,- մասնավորապես, ասվում է հայտարարությունում։

 

Հաջիզադեն ընդգծել է, թե, իբր, «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձանները երկրի ազգային մշակութային ժառանգության մաս են կազմում և պաշտպանված են՝ անկախ դրանց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից»։ «Ֆրանսիայի կոչերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան, իրականության ակնհայտ աղավաղում են։

 

Ադրբեջանը բազմիցս կոչ է արել նման գնահատման առաքելություններ անցկացնել, բայց, ցավոք, դրանց իրականացումն անհնար է եղել այնպիսի երկրների կողմից սահմանված հայտնի խոչընդոտների պատճառով, ինչպիսիք են Հայաստանն ու Ֆրանսիան»,- ասվում է հայտարարությունում։ Նշենք, որ  Ֆրանսիայի Սենատում Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ ի սկզբանե աջակցել են ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնված դիտորդական առաքելությանը, որը, ցավոք, արգելափակված է 2020 թվականից ի վեր, և որի ակտիվացումը պահանջում են։ «Մենք նաև հետևում ենք Արդարադատության միջազգային դատարանի գործընթացներին:

 

Վերջերս, ի պատասխան համակարգված հաղորդագրությունների, որոնք վկայում էին քրիստոնեական ժառանգության վայրերի՝ Շուշիի եկեղեցու, Սուրբ Աստվածածնի մայր տաճարի և այլ վայրերի ոչնչացման կամ վնասման մասին, մենք աջակցել ենք «L’Œeuvre d’Orient» կազմակերպությանը, որը ALIPH հիմնադրամի հետ համատեղ սկսեց Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական ժառանգության գույքագրման առաջին ջանքերը»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Աստվածածին մայր տաճարը։ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո ամեն ինչ անում է՝ թույլ չտալու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախի տարածքներ։

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ էին արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության և այդ աշխատանքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման մասին, որը մերժում էր պաշտոնական Բաքուն՝ շարունակելով տարբեր մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի ու կազմակերպության հասցեին և խոչընդոտել կազմակերպության առաքելության մուտքին։ Կազմակերպության մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն նույնպես հայտարարել էր, որ Ադրբեջանից չեն պատասխանում Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու հարցմանը։

facebook sharing button facebook