
Ադրբեջանի իշխական ԶԼՄ-ներն արշավ են սկսել ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի դեմ։ Նա Երևանում մասնակցում էր համաժողովի, որի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում «իրեն զգում է՝ ինչպես տանը»։ Քըլըչի այս հայտարարությունը դուր չի եկել Բաքվի քարոզչամեքենային։
Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները հայտնում են, որ նրա հռետորաբանությունը հակասում է թուրքական իշխանությունների պաշտոնական գծին և կարող է ընկալվել որպես շեղում՝ ազգային շահերից։ Իշխանական Oxu. az կայքը, մասնավորաբար, գրել է, թե Քըլըչի հայտարությունները «Հայաստանում այնքան տարօրինակ են, որ թվում է, թե նա հյուր չէ Երևանում, այլ տանտեր։
Իր ելույթում Սերդարն ինքն է պնդում, որ իրեն զգում է՝ ինչպես տանը», -գրել է ադրբեջանական լրատվամիջոցը։ «Անհնար է չզարմանալ թուրք դիվանագետի հայտարարություններից, չհաշված այն հարմարավետության զգացումը, որը զգացել է այն երկրում, ուր 2 շաբաթ առաջ այրվել է իր երկրի դրոշը։
Սերդար Քըլըչի խոսքերը ցույց են տալիս, որ նա ամեն ինչից վեր է դասում ոչ թե իր երկրի, այլ հայերի շահերը, և անում ամեն ինչ՝ այդ նպատակին հասնելու համար։ Ընդգծելով, որ Լոս Անջելեսում և Բեյրութում իր աշխատանքի ընթացքում ապրել է հայերի մեջ, դիվանագետը նշել է, որ կարգավորման գործընթացի հենց սկզբից ինքը մի շարք առաջարկներ է արել իր հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, և որ այդ առաջարկներն անելիս առաջնորդվել է հայերի շահերով, այլ ոչ թե Թուրքիայի։
Այս հայտարարությամբ նա նկատի ուներ միայն այն, որ երկար տարիներ ապրել է հայերի մեջ և լավ է ճանաչում նրանց»,- հավելում է լրատվամիջոցը։ Նշվում է, որ «Քըլըչի հայտարարություններն արտացոլում են ոչ թե թուրքական պետության, այլ հենց Սերդար Քըլըչի անձնական դիրքորոշումը»։
«Սերդար Քըլըչին, ով Երևանում իրեն զգում է ինչպես տանը, պետք է հիշեցնել, որ իր «տան» կենտրոնում կանգնեցվել է, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությանը նվիրված հսկայական հուշարձան, և նրա մասնակցած գագաթնաժողովի բազմաթիվ մասնակիցներ խոնարհվել են դրա առջև։
Այս հուշարձանը մարմնավորում է համաշխարհային պատմության մեջ թուրքական պետության և ժողովրդի նկատմամբ ամենամեծ զրպարտչական ճնշումներից մեկը»,- գրել է լրատվամիջոցը, որը զբաղվում է Հայոց ցեղասպանության ժխտմամբ։ Ադրբեջանական իշխանական տարբեր աղբյուրներում Քըլըչի վերաբերյալ նման բովանդակությամբ տարբեր հոդվածներ են հրապարակվել։

