
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործող «Arkan Innovations LLC» ընկերությունը երեք նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2026 թվականին մշակված կամիկաձե անօդաչուները հանրությանը ներկայացվել են Ստամբուլում կայացած SAHA-2026 5-րդ միջազգային պաշտպանական և աէրոտիեզերական ցուցահանդեսում։
Նշվում է, որ սերնդի Arkan-10, Arkan-10 FO և Arkan-10 FT անօդաչու թռչող սարքերը մշակվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Դրանք հագեցած են արհեստական բանականությամբ, բարելավված ինքնավար կառավարման համակարգով և ավելացված թռիչքի տևողությամբ։ Նոր մոդելների հիմնական առանձնահատկություններից են ցածր ռադարային ազդանշանը, բարձր մանևրելու և տարբեր զինատեսակների համակարգերի հետ ինտեգրվելու ունակությունը: Այս անօդաչու թռչող սարքերը նախատեսված են ժամանակակից մարտերում արդյունավետ օգտագործման համար: Բացի այդ, Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ կարտադրեն SİVRİSİNEK անվանումով անօդաչու թռչող սարք, հայտարարել է թուրքական Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուկ Բայրաքթարը SAHA 2026 պաշտպանական ցուցահանդեսում ադրբեջանական Report-ի թղթակցին։
Նա նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված բոլոր ԱԹՍ-ները կարտադրվեն Ադրբեջանում գտնվող գործարաններում։ Դրանցից մեկը SİVRİSİNEK-ն է։ «Այս ԱԹՍ-ն ուշագրավ լրացում է ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներին։ Այն նախատեսված է հիմնականում ցամաքային թիրախների դեմ օգտագործելու համար»,- ասել է նա։ Նշվում է, որ այս ԱԹՍ-ի հեռահարությունը, կախված տարբերակից, մոտավորապես 900-1000 կմ է: Ավելին, համակարգը գործում է «fire and forget» սկզբունքով, որոշ մոդելներ կարող են թիրախներ խոցել 10-ից մինչև 80 կմ հեռավորության վրա։ ԱԹՍ-ն մոտավորապես 3,8 մետր երկարություն ունի և 3,2 մետր թևերի բացվածք։
Թռիչքի առավելագույն տևողությունը կարող է գերազանցել 8-9 ժամը: SİVRİSİNEK-ն աշխատում է ներքին այրման շարժիչով և ունի արհեստական բանականության միջոցով թիրախի ճանաչման հնարավորություն։ Այն հագեցած է GNSS նավիգացիոն համակարգով և էլեկտրաօպտիկական ուղղորդմամբ։ Նշվում է, այս տեսակի անօդաչուն կարող է օգտագործվել ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային գործողությունների համար և համարվում է ճկուն և արդյունավետ գործիք ժամանակակից մարտերում. Factor

