Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/5/2026
share

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Իջևանի և Վանաձորի՝ ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերը կառուցող ընկերության հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ,- հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

 

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզադաշտերի կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացումը Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությանն ընդառաջ՝ հիշեցնելով, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը։

 

Մրցաշարի շրջանակում խաղեր կանցկացվեն Երևանում, Վանաձորում և Իջևանում։ Նախարարն ընդգծել է՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն սպորտային ենթակառուցվածքների զարգացման, այլև տարածաշրջանային զբոսաշրջության և ենթակառուցվածքային բարելավումների տեսանկյունից։ Ուստի, աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել սահմանված ժամկետներում և միջազգային չափանիշներին համապատասխան որակով։

 

Հանդիպմանը քննարկվել են ծրագրի իրականացման հիմնական փուլերը, ինչպես նաև FIFA-ի և UEFA-ի տեխնիկական պահանջներին համապատասխանեցման հարցերը։ Նշվել է, որ գործող կանոնակարգերով մարզադաշտերը պետք է շահագործման հանձնված լինեն մրցաշարից առնվազն 6 ամիս առաջ։ Քննարկվել են նաև ենթակառուցվածքային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ճանապարհային հասանելիությանը, լոգիստիկ խնդիրներին, ջրամատակարարմանը, հրդեհային անվտանգության համակարգերին, ինչպես նաև հարակից տարածքների ընդլայնման հնարավորություններին։

 

Նշվել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով կձևավորվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն պատասխանատու բոլոր կառույցները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը միջոցներ էր հատկացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում UEFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման, ինչպես նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցման և UEFA-ի 4-րդ կատեգորիայի չափանիշներին համապատասխանեցման նպատակով։

 

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը կդառնան տարածաշրջանային նշանակության ժամանակակից սպորտային կենտրոններ՝ յուրաքանչյուրը նախատեսված շուրջ 10․000 հանդիսականի համար։ «ՎենյուԷրա հոլդինգը» (VenueERA) միջազգային կազմակերպությունն իրականացրել է ՈւԵՖԱ 4 կատեգորիայի հայտնի մարզադաշտերի նախագծում և շինարարություն, որոնցից են Բուդապեշտի «Պուշկաշ արենա» ֆուտբոլային մարզադաշտը, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա սպորտս սիթի» մարզադաշտը և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ արենա» մարզադաշտը։

facebook sharing button facebook