
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հայտարարություն Արարատի մարզում սեռական բռնության դեպքի վերաբերյալ, նշելով․
Արարատի մարզում անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության դեպքը և դրա շուրջ պետական մարմինների գործողությունները (անգործությունը) ցույց են տալիս խորքային խնդիրներ, որոնք արդեն դուրս են առանձին դեպքի շրջանակից և վկայում են համակարգային ձախողման մասին։
Պաշտոնական հաղորդագրությունները, ձևականորեն հղում անելով երեխաների լավագույն շահին, իրականում հակասում են այդ սկզբունքին՝ բացահայտելով երեխաների առողջական վիճակի տվյալներ և հրապարակելով ցուցմունքների ինտիմ ու անհարկի մանրամասներ։
Քննչական կոմիտե նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի՝ ժամեր առաջ տարածած հայտարարության մեջ «մտավոր խնդիրների» և «հակասական ցուցմունքների» շեշտադրումը ոչ միայն խնդրահարույց է, այլ նաև վերարտադրում է վտանգավոր և խտրական կարծրատիպ, թե մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ցուցմունքները պակաս արժանահավատ են։
Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, ունենալով ակնհայտ պաշտպանվողական բնույթ, միաժամանակ հրապարակում է զգայուն տվյալներ՝ կոպտորեն հակասելով «լավագույն շահի» սկզբունքին և վտանգելով տուժողների իրավունքներն ու հանրային ընկալումները նրանց նկատմամբ։
Հարկ ենք համարում շեշտել, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ունեն հավասար իրավունքներ արդար դատաքննության և բռնությունից պաշտպանված լինելու համար՝ ինչպես ամրագրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում, և նրանց ցուցմունքները պետք է գնահատվեն մասնագիտական, հաշմանդամության և տրավմայի առումով զգայուն մեթոդներով։ Ցանկացած մոտեցում, որը նրանց խոսքը արժեզրկում է «մտավոր խնդիրների» կամ «հակասականության» հիմքով, ոչ միայն անընդունելի է, այլև կարող է դիտվել որպես խտրական վերաբերմունք և միջազգային պարտավորությունների խախտում։
Մինչ օրս անհասկանալի է, թե ինչու են ենթադրյալ բռնարարներն ազատության մեջ և ինչ քայլեր են ձեռնարկվել երեխաների ու ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար, ինչը վկայում է պաշտպանության, կանխարգելման և իրավական մեխանիզմներում ու գործընթացներում լուրջ բացթողումների մասին։
Այս դեպքը չի կարող դիտարկվել որպես առանձին միջադեպ։ Այն ուղիղ արտացոլում է այն համակարգային ձախողումները, որոնք արդեն արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, որով հաստատվել է, որ Հայաստանը չի ապահովել հաշմանդամություն ունեցող անչափահասի արդյունավետ պաշտպանությունը սեռական բռնությունից, չի ստեղծել կանխարգելման, հայտնաբերման և արձագանքման գործուն մեխանիզմներ, խախտել է զոհի գաղտնիությունն ու արժանապատվությունը և չի ապահովել արդյունավետ իրավական պաշտպանության հասանելիություն։
Մենք կոչ ենք անում՝
ապահովել անկախ, արդյունավետ և զգայուն քննություն, որը կհամապատասխանի հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներին և միջազգային չափանիշներին,
անհապաղ ձեռնարկել իրական և տեսանելի միջոցներ՝ երեխաների և նրանց ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար,
ապահովել, որ քննության բոլոր փուլերում կիրառվեն մասնագիտացված, երեխայակենտրոն և հաշմանդամության առումով զգայուն մեթոդներ,
բացառել հաշմանդամության հիմքով ցանկացած ուղղակի կամ անուղղակի խտրական մոտեցում, ներառյալ ցուցմունքների արժեզրկումը,
դադարեցնել երեխաների վերաբերյալ զգայուն և նույնականացնող տվյալների հրապարակումը,
վերանայել պետական մարմինների հաղորդակցությունը՝ ապահովելով, որ այն լիովին համապատասխանի երեխաների լավագույն շահի, արժանապատվության և գաղտնիության պաշտպանության պահանջներին։
Շնորհակալություն բոլոր այն անձանց, որոնք բարձրաձայնեցին այս դեպքը, հատկապես մանկավարժական անձնակազմին՝ զգոնության, պատասխանատվության և երեխաների պաշտպանության հարցում սկզբունքայնության համար։
Մենք պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն պետական բոլոր մարմիններին, տուժողների ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց՝ հաշմանդամության մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների ապահովման համար․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

