Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/5/2026
share

Ընտրակաշառք տալն ու վերցնելը՝ քրեորեն պատժելի արարք․ քննարկում

Ապրիլի 28-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ընտրակաշառք տալն ու վերցնելը՝ քրեորեն պատժելի արարք» թեմայով քննարկումը։
Բանախոսներն էին մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Նրանք անդրադարձան Հայաստանում ընտրակաշառքի մշակութային, սոցիալական և քաղաքական հիմքերին, քննարկեցին, թե ինչու քաղաքացիները երբեմն պատրաստ են տալ կամ վերցնել ընտրակաշառք՝ նույնիսկ գիտակցելով դրա քրեական հետևանքները։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը մտադիր է դատի տալ «Անկախ դիտորդ» նախաձեռնությանը և Դանիել Իոաննիսյանին։ Ավելի վաղ «Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարել էր, որ խախտումներ է արձանագրել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և 15 դրվագով դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին։
«Բոլոր 15 դրվագները միանման են և վերաբերում են նրան, որ Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովի ընտրությունների նշանակման հրամանագրի ստորագրումից հետո, «Իմ քայլը» հիմնադրամը շարունակել է բարեգործական գործունեություն իրականացնել՝ 15 առանձին դեպքով, թեև հիմնադրամը աֆիլացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ»,- խախտումների բնույթը պարզաբանեց Իոաննիսյանը։

Նա հավելեց, որ իրենք չեն արձանագրել բարեգործության և նախընտրական քարոզչության ուղիղ համադրում, սակայն վիճարկում են հենց ընտրական գործընթացի ընթացքում նման գործունեության իրավաչափությունը։
Խոսելով Հայաստանում ընտրակաշառքի ձևավորման ավանդույթի, ինչպես նաև քաղաքական ուժերի այն բաժանելու և քաղաքացիների այն ընդունելու պատրաստակամության մասին՝ Աղասի Թադևոսյանը նշեց, որ երևույթը կապված է Հայաստանի հետխորհրդային անցյալի հետ։ Նրա խոսքով՝ ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ ընտրական ինստիտուտներն ունեն երկար պատմություն, Հայաստանում ընտրական գործընթացները համեմատաբար նոր են՝ ընդամենը մի քանի տասնամյակի պատմությամբ։
Ըստ Թադևոսյանի՝ ընտրական ինստիտուտը ձևավորվել է դեռ Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ, որտեղ ինքը վստահված անձ է եղել, և ընտրակաշառքի սաղմնային դրսևորումները նկատելի էին արդեն այդ շրջանում։
«Ամեն դեպքում, ես ընտրակաշառքը ոչ թե կհամարեի ավանդույթ, այլ տարածված պրակտիկա նախընտրական և ընտրական շրջանում։
Այստեղ պետք է հստակ տարանջատել ընտրողի կողմից ընտրակաշառք վերցնելը և ընտրակաշառք բաժանելը»,- ասաց Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ 2018-ից հետո, երբ ընտրակաշառք բաժանելու պրակտիկան
մեծապես վերացավ, հասարակությունը որոշ չափով հետ վարժվեց դրանից։ «Վերականգնվում է ընտրակաշառք տալու պրակտիկան, բայց ոչ վերցնելու»,- հավելեց նա։
«Հայցից հրաժարվելու մտադրություն չունենք, այն համարում ենք հիմնավոր, և այն պետք է քննվի Վարչական դատարանում»,- նշեց Իոաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է «Իմ քայլը» հիմնադրամի դեմ ներկայացված հայցը անկեղծ և սկզբունքային՝ հաշվի առնելով, որ Իոաննիսյանի անունը հաճախ կապվում է պրոիշխանական հայացքների հետ։
Ամփոփելով՝ քննարկման մասնակիցները շեշտեցին, որ ընտրակաշառք տալն ու վերցնելը ոչ միայն խաթարում է ընտրական գործընթացի ազատությունն ու արդարությունը, այլև քրեորեն պատժելի արարք է։ Նրանք ընդգծեցին, որ այս երևույթի դեմ պայքարը պահանջում է ոչ միայն իրավական պատասխանատվության կիրառում, այլև հանրային անհանդուրժողականության ձևավորում և քաղաքացիական վերահսկողության ուժեղացում։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

facebook sharing button facebook