
Հայաստանն ու Թուրքիան մայիսի 4-ին Երևանում ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը»,- հայտնել է վարչապետ Փաշինյանը:
Արձանագրությունը ստորագրել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը:
Արարողությանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը:
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն այս հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Հավատացած ենք, որ համագործակցության խորհրդանշական և կոնկրետ այնպիսի ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որի շուրջ այսօր ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, իրենց նպաստը կբերեն տևական խաղաղության և վստահության մթնոլորտին:
Տարածաշրջանային խաղաղության, երկխոսության և կայունության հիմքի վրա՝ մենք վճռականորեն կշարունակենք Հարավային Կովկասում կարգավորման առաջմղման, տնտեսական համագործակցության ընդլայնման և մեր ժողովուրդների միջև շփումների ամրապնդման մեր մոտեցումը»։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Անիի կամուրջը գտնվում է Ախուրյան գետի վրա։ Կառուցվել է 10-11-րդ դարերում։
Անիի կամուրջը վերականգնելու համատեղ ջանքերի մասին Հայաստանն ու Թուրքիան խոսում են դեռևս 2023-ից։

