Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/5/2026
share

«Ձեզ և մեզ մնալու է ժառանգություն թույնի ահռելի զանգված»․ Արտյոմ Գասպարյանը Նահատակի պոչամբարի մասին

Կենսաբան, գյուղատնտես Արտյոմ Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ախթալա ԼՀԿ-ին պատկանող Նահատակ պոչամբարին։

«Տարիներ առաջ մայրիկիս հետ կիսվում էի այն մտքով, որ Լոռին դա այն հիասքանչ վայրերից է ՀՀ ում, որտեղ ես կցանկանայի տուն ունենալ։ Այն էլ ինչ տուն, փայտե տնակ, որի մեջ կլիներ մի պատուհան, որ անձրևի ժամանկ դուրս կնայեյի ու կհետևեյի, թե ինչպես է անձրևի խշշոցը գալիս հեռվից ու մտնում ականջներս։

Օրեր առաջ Centre for Community Mobilization and Support ի կողմից կազմակերպված էկո-ակտիվիզմի ակադեմիայի շրջանակներում այցելեցի այս վայրը։

Դու՞ք էլ մտածեցիք, ինչ սիրուն վայր է՝ անտառ և տներ լճի ափին։

Եկեք հիասթափեցնեմ…

Հիմա դուք տեսնում եք մարդկային անտարբերության և բնության հանդեպ հարգանքի բացակայության մի դրվագ։

Այս փայփլուն լիճ հիշեցնող վայրում կուտակված է հանքարդյունաբերությունից մնացած թույնի ահռելի քանակ։ Այն ոչ միայն կուլ է տալիս օր օրի նոր տարածքներ, այլև թունավորում և սպանում է մարդկանց։ Պատկերացրեք, որ ձեր երեխան ամեն օր խաղում է մահացու թունավոր, ծանր մետաղներով հագեցած պոչամբարի կողքին և ուտում հարակից հողատարածքում աճող մրգերն ու հացահատիկը, որոնք աճել են ծանր մետաղներով և թունավոր նյութերով հագեցած հողում։

Երբ դիտարկում էինք սա , բնակիչներից մեկը մոտեցավ, հայավարի, թե բա ժողովուրդ, եթե ջուր ցանկանաք ասեք, ստեղ թարմ ջուր է գալիս։ Մտքովս երբեք չէր անցնի, որ ՀՀ- ում, այն էլ մեզ այդքան մաքուր թվացող Լոռիում, ես կկասկածեմ ու կխուսափեմ ջուր խմելուց։

Եթե մի օր առաջարկ կստանաք ձեր բնակավայրում հանքավայր բացելու մասին։ Որքան էլ փորձեն գայթակղել ձեզ սուտ խոստումներով։ Հիշեք այս մասին, որ խոստացված հարստության փոխարեն ձեզ և մեզ մնալու է որպես ժառանգություն թույնի մի ահռելի զանգված։ Որը կհարստացնի մեկին և կսպանի շատերին, վերածելով տարածքը մեռյալ գոտու, որտեղ ոչինչ չեք կարողանա անել և տարբերակները կլինեն երկուսը՝

Շարունակել ապրել մահվան կողքին կամ հեռանալ կորցնելով տունը, որը այդքան թանկ էր…»,-գրել է նա։

facebook sharing button facebook