Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/5/2026
share

Մակրոնը խոստացել է ՀՀ նախագահի և Ալիևի հետ քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ նշելով, որ հարցը քննարկելու է Ադրբեջանի նախագահի հետ։

«Նախ դա կքննարկեմ Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։ Դրանից հետո ես կզանգահարեմ նախագահ Ալիևին, և մենք միասին կկազմակերպենք ճիշտ գործելաոճ՝ կամ անձամբ, կամ այդ հեռախոսազանգի միջոցով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը։

Նա ընդգծել է նաև խաղաղ գործընթացի կարևորությունը․ «Դուք կարող եք հույս դնել ինձ վրա, ես խորապես հավատում եմ այս խաղաղ գործընթացին»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին՝ Մակրոնը կարևորել է դրա անցկացումը Հայաստանում։

«Կարծում եմ, որ շատ կարևոր էր Եվրոպական քաղաքական համայնքի՝ թվով 8-րդ հանդիպումն անցկացնել այստեղ՝ Երևանում»,– ասել է նա՝ հավելելով, որ այն ամրագրում է Հայաստանի անցած ամբողջ ճանապարհը վերջին տարիներին։

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ տարիներ առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանից կախված երկիր, սակայն, նրա խոսքով, իրավիճակը փոխվել է։

«Վարչապետ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությունից ի վեր, վերջին տարիներին նրա վարած քաղաքականության շնորհիվ՝ խաղաղություն կառուցելու և դեպի Եվրոպա շրջադարձ կատարելու, Եվրոպայի առջև ստանձնած պարտավորությունների շնորհիվ, մենք նոր դարաշրջան ենք բացում»,- նշել է Մակրոնը։

 

 

Լուսանկարը՝ Արմենպրեսի

facebook sharing button facebook