
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների և պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա։

