Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/5/2026
share

Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը ցույց է տալիս Կովկասի կարևորությունը. Կալաս

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելիս:

«Հրաշալի է լինել այստեղ՝ Երևանում, Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը: Եվրոպան աշխարհագրության մասին չէ, այն արժեքների և սկզբունքների մասին է, այդ պատճառով մենք շատ ուրախ ենք այստեղ ողջունել Կանադային տարբեր հարցերի քննարկման համար: Բացի այդ, այս գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում: Մենք խոսում ենք կապակցվածության մասին, բայց նաև դիմակայունության մասին՝ ի դեմս մեր առջև ծառացած մարտահրավերների», - ասել է Կալասը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև անդրադարձել է Միջին Միջանցքի կարևորությանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրադարձությունները՝ բոլորը ձգտում են առևտրային ուղիների դիվերսիֆիկացման:

«Այդ պատճառով կապակցվածությունը և այս ուղիները շատ կարևոր են», - նշել է Կալասը:

facebook sharing button facebook